Գորիսում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանը։ Նա ջախջախիչ հաղթանակ է տարել անկուսակցական Սամվել Հարությունյանի նկատմամբ։
ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է գրանցված 22 148 ընտրողներից 13 163-ը, կամ ընտրողների 59,43 տոկոսը։ Առուշանյանը ստացել է թեկնածուներին տրված կողմ ձայների 99,57 տոկոսը։
Առուշանյանը ստացել է 12 945 քվե, մինչդեռ նրա մրցակիցը՝ Սամվել Հարությունյանը՝ միայն 56 քվե։ Անվավեր քվեաթերթիկները գրեթե երեք անգամ ավելի շատ էին, քան Հարությունյանի ստացած ձայները՝ 162:
Նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առաջադրվել էին ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանն ու անկուսակցական Սամվել Հարությունյանը։ Հարությունյանը նախկինում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քննադատն էր, սակայն վերջին շրջանում դարձել է Խաչատրյանի ջերմեռանդ պաշտպանը։




























