News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին դեռեւս չի հաջողվում Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրենի կնճռոտ հարցը լուծել։ Նա սպասում է իրավապահ մարմինների որոշմանը։ Իսկ մինչ այդ դպրոցի տնօրենի պաշտոնում իր նշանակած թեկնածուն՝ Եվգինե Եսայանը չի կարողանում մուտք գործել դպրոց եւ ստանձնել պաշտոնական լիազորությունները, քանի որ ուսուցիչները նրան չեն հանձնում կնիքը։

NEWS.am–ը նախկինում անդրադարձել է այս խնդրին ։ Դպրոցի ուսուցչական կազմը դեմ է նորանշանակին, քանի որ իրենց խոսքով՝ անօրինական է նշանակվել։ Նրանց հիմնավորմամբ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կրթության նախարարությունը ձախողել է՝ նախարարության ներկայացուցչի մասնակցությունը չապահովվելով։ Քվորում չլինելու պատճառով էլ տապալվել է մրցույթը։ Լեւոն Մկրտչյանը օգտվելով օրենքի հնարավորությունից՝ երրորդ տապալումից հետո երեք թեկնածուից տնօրենի պաշտոնում նշանակել է իր խորհրդական, դաշնակցական Բագրատ Եսայանի կնոջը։ Նշենք, որ մյուս թեկնածուն՝ Հայարփի Մինասյանը, դպրոցի նախկին տնօրենի դուստրն է, ուսուցչական կազմը այս թեկնածուին է հակված եղել։ Հիմնական մրցույթը նախարարի թեկնածուի եւ նախկին տնօրենի դստեր միջեւ է եղել։ Լեւոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել Եվգինե Եսայանին ընտրելիս, բայց միաժամանակ վստահեցրեց, թե վստահելի թեկնածուի հարց կար, երբ իմացավ՝ ինչ է կատարվում դպրոցում։

«Այդ դպրոցի հետ ես առնչվեցի, երբ իմացա, որ տնօրենը փորձում է իր աղջկան նշանակել ու տեսա, որ դպրոցի խորհուրդը ամբողջությամբ իր ազդեցության ներքո է: Մենք ունենք սկզբունք, որ դադարեցնենք ժառանգական փոխանցումը դպրոցներում: Այս կզբունքը փորձեցինք պահել ու հասկացա՝ լուրջ չարաշահումներ կան եւ անհրաժեշտ էր մեկը, որին ես անձամբ ճանաչում եմ: Ես եմ խնդրել տիկին Եսայանին, որ առաջադվի»,–ասաց Լեւոն Մկրտչյանը: Ինչպես տեսնում ենք մինչ մրցույթը արդեն իսկ նախարարը կանխակալ մոտեցում է դրսեւորել, եւ բնական է, որ որեւէ պատճառով պետք է մրցույթը տապալվեր եւ հերթը հասներ սուբյեկտիվ ընտրությանը։ Հարցին՝ այսինքն տեղյա՞կ էր, որ նախարարության ներկայացուցիչը չեր ներկայանում, ԼեւոնՄկրտչյանը պատասխանեց. «Նախարարության ներկայացուցիչն է որոշում՝ գնալ–չգնալը, ինքը կասի իր հիմնավորումը: Ես տեղյակ չեմ եղել, որ չի գնացել, հետո ինձ ասել են, որ ներկա չի եղել»,–ասաց նախարարը՝ շեշտելով, թե այս դպրոցի տնօրենի ընտրության հարցում բազմաթիվ ճնշումների է ենթարկվել։ Ընդհուպ թաղային հեղինակություններն են փորձել նախարարին ճնշել ուսուցիչների պաշտպանյալ թեկնածուն նշանակվի տնօրենի պաշտոնում։ «Հայաստանի Հանրապետությունում էլ մարդ չմնաց, որ այդ հարցով չանհանգստացներ, փողոցի հեղինակություններ, պաշտոնյաներ սկսեցին ճնշում գործադրել, որ տնօրենի դստերը նշանակեմ։ Ես հասկացա, որ այստեղ աշխատում է նախկին տնօրենի ընտանիքը։ Այս դպրոցում աուդիտ է իրականացվել, բազմաթիվ բացահայտումներ կան, եւ նյութերն արդեն դատախազությունում են»,–ասաց Լեւոն Մկրտչյանը։ Թե բացահայտված չարաշահումները ինչպե՞ս կանդրադառնան ամիսներ շարունակ ձգձգվող գործընթացի վրա, կհանգուցալուծվի՞ խնդիրը, թե՞ ավելի կսրվի իրավիճակը, կրթության նախարարը դժվարացավ կանխատեսել։

Տպել
Ամենաշատ