News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օրենքները հետագա աշխատանքի կարեւոր հիմք են: Անելիքները շատ են՝ բոլորիս համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված պաշտպանության ոլորտի երկու աղմկահարույց օրենքներին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային եւ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար: 

Ինչպես օրինագծերի մշակման փուլում, Պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից եւ Հանրային խորհրդից մինչեւ ուսանողական պաշտոնական եւ ոչ պաշտոնական միավորումներ: 

Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների եւ հարյուրավոր անհատների սկզբունքային եւ հետեւողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում եւ քաղաքացիական հասարակությունում:

Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը:

Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ եւ մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձեւերը գտնել:

Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձեւավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր եւ գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը:

Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման եւ իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում:

Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության եւ պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը եւ թե՛, որն իմ եւ պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարեւոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ