News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՍԴ որոշումը անբեկանելի իրավական հիմք է ստեղծում՝ Վանաձորի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նոր Սահմանադրության համահեղինակ,  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ՏԻՄ նոր օրենսգրքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչելուն եւ դրանից հետո Վանաձորի ավագանիում ստեղծված իրավական ճգնաժամին։

Պարոն Դանիելյան, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը, որի հիման վրա Վանաձորի ավագանին այս ընթացքում ավագանու անդամների կեսից պակասի պայմաններում նիստեր էր հրավիրել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավագանու մինչ այս տեղի ունեցած նիստերն առ ոչինչ են: Եթե այո, ապա ի՞նչ է դա ենթադրում. ավագանին պետք է լուծարվի՞, քանի որ մեկ տարուց ավելի, ըստ էության, նիստեր չի գումարել: Ընդհանրապես, ինչ ընթացակարգ պետք է գործի:

Մի առիթով արդեն նկատել եմ, որ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը անբեկանելի իրավական հիմք է ստեղծում՝ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար, սակայն դա կարող է տեղի ունենալ ոչ թե Ձեր մատնանշած հիմքով, այլ այն անխուսափելի իրավական ու հավանական փաստական հանգամանքների ուժով, որոնց գնահատականն արդեն այլ կլինի նշված որոշման համատեքստում:

Ակնհայտ է, որ խորհրդարանն այլեւս չի կարող այնպիսի իրավակարգավորումների դիմել, ինչը հնարավորություն կտա սոսկ որոշում ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամների ներկայությունը՝ նիստն իրավազոր ճանաչելու հիմք համարել, բացի այդ, ավագանու մյուս անդամները, թերեւս, չեն պատրաստվում հետագայում եւս մասնակցել ավագանու նիստերին եւ հենց այդ հիմքով են սկսել վիճարկման ողջ գործընթացը: Այս ամենի արդյունքում անխուսափելիորեն կստեղծվի բավարար հիմք՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար:

Մյուս կողմից, կարծում եմ, այսպիսի զարգացումներ կարող էին բացառվել, եթե 2016 թ. դեկտեմբերի 16-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրությամբ ընդունելիս, համարժեք հաշվի առնվեին Սահմանադրական դատարանի դեռեւս 2013 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1081 որոշման իրավական դիրքորոշումները: Ընդ որում, երբ խորհրդարանը, որպես պատասխանող հանդես գալիս, ավանդաբար անվերապահորեն փորձում է հիմնավորել վիճարկվող իրավական նորմերի սահմանադրականությունը եւ բերել այնպիսի փաստարկներ, որոնք հակասում են հենց Սահմանադրական դատարանի կողմից որդեգրած իրավական դիրքորոշումներին, պարզ է դառնում, որ այս գործելաոճը, ցավոք, դեռեւս բարեփոխման միտումներ չունի: Հարկ է ընկալել, որ խոսքը բնավ դասական իմաստով «դատը շահելու մասին չէ», որ անհամեմատ առավել արժեքավոր է երկրում սահմանադրականության երաշխավորումը: Բազում օրինակներ են հայտնի, այդ թվում՝ ՌԴ-ի խորհրդարանի պրակտիկայից, երբ պատասխանող կողմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում ընդունել են վիճարկվող նորմի առնվազն խնդրահարույց լինելը, ինչը բնավ միանշանակ չի գնահատվում, որպես թերություն կամ պարտություն:

Ինչո՞ւ էր նշված իրավական նորմի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումը կանխատեսելի, որովհետեւ՝ արդեն իսկ  2013 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1081 որոշմամբ միանշանակ ամրագրվել էր, որ ներկայացուցչական մարմինների (եւ ոչ թե սոսկ խորհրդարանի) պարագայում հարկ է երաշխավորել անհրաժեշտ կոլեգիալություն ապահովող քվորում, որ Սահմանադրությամբ չի թույլատրվել Վանաձորի կամ Գյումրիի համայնքների համար նախատեսել տեղական ինքնակառավարման առանձնահատկություններ (ի դեպ, եթե քվորումի շեմն իջեցնելու կողմնակիցները դա համարել են իրավաչափ, ապա ինչո՞ւ մյուս համայնքների համար այդպիսի «հաջող» լուծում չէին առաջադրել) եւ այլն: Վերջապես, չպետք էր անտեսել, որ վիճարկվող օրենսդրական նորմը սկզբունքորեն չէր բացառում ավագանու տարբեր կազմերով միաժամանակ նիստեր գումարելն ու որոշումներ կայացնելը:

ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից: Եթե մինչ այդ ավագանին կարողանա հավաքվել եւ օրինական նիստեր անցկացնել, դա կլուծի՞ խնդիրը, թե՞ բոլոր դեպքերում պետք է լուծարվի ավագանին, քանի որ մեկ տարի նիստեր չի անցկացրել:

Հիշյալ որոշումը ոչ թե ուժի մեջ է մտնում մարտի 31-ից, այլ հրապարակման պահից, իսկ մարտի 31-ը սահմանված է, որպես Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմի եւ դրա հիման վրա ընդունված ավագանու որոշումների ուժը կորցնելու վերջնաժամկետ: Ըստ էության, խորհրդարանը կարող է ողջամտորեն ավելի վաղ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, ինչի արդյունքում հարկ չի լինի սպասել մինչեւ մարտի 31-ը: 

Ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, երբ երեք ուժեր բոյկոտեցին ավագանու նիստերը, ու ստացվեց, որ օրինական քվեներով ընտրված քաղաքապետը ավագանիում մեծամասնություն չունի:

Ըստ էության, 2016 թ. դեկտեմբերի 16-ին օրենսդրական փոփոխություններ նախաձեռնած խորհրդարանական ուժերը հենց Ձեր կողմից նշված բոյկոտի ակնհայտ բացասական հետեւանքները կանխելու միտումով են գնացել խիստ վիճահարույց քայլի, ինչը, ի վերջո, ճանաչվեց հակասահմանադրական: Ընդ որում,  եթե անգամ խնդիրը զուտ իրավական հարթությամբ քննարկելու լինենք, ապա կարող ենք փաստել, որ սահմանադրականություն եւ օրինականություն հայցող ցանկացած քաղաքական ուժ եւս պարտավոր է գործել նույն այդ արժեքներով, այսինքն՝ ելակետ ընդունել այն, որ հանրային իշխանության մեջ սեփական նախաձեռնությամբ ներգրավված լինելով հանդերձ, այսպես կոչված, բոյկոտումի դիմելը իրավաչափ չէ:

Ողջունելի է, երբ դիմող կողմը հղումներ է անում խնդրին առնչվող Սահմանադրական դատարանի որոշումների վրա, սակայն նույն այդ որոշումներում հավասարապես տրվել է նաեւ «բոյկոտումների» իրավական բացասական գնահատականը: Սա մեր հայրենական քաղաքական մշակույթն է. ցավոք, քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու եւ հրապարակայնորեն հակազդելու փոխարեն, ինչպես փոքրամասնություն, այնպես էլ մեծամասնություն կազմող քաղաքական ուժերը երբեմն նախապատվությունը տալիս ենք ձեւավորված մարմինների գործունեության ձախողմանը:

Լուծումներ կարող են առաջադրվել, սակայն դրանք չպետք է լինեն ժողովրդավարության շահերին հակասող, իրավաչափ նպատակին չի կարելի հասնել ոչ իրավաչափ եղանակով: Վերջին հաշվով, քվորումի նպատակը պաշտոնյա անձանց ներկայությունը երաշխավորելու միտում ունի, իսկ եթե նույն այդ անձինք միտումնավոր խուսափում են մասնակցելուց, ապա դա պետք է բավարար հիմք համարվի նրանց լիազորություններն անհապաղ դադարեցնելու համար եւ այլն: 

Տպել
Ամենաշատ