News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն ոչ մի դեպքում չի դադարեցնի Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով հակասահմանադրական էր ճանաչվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը:

«Սահմանադրական դատարանի որոշումը հստակ է, եւ ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է Վանաձորի քաղաքապետը կամ ՀՀԿ-ի այս կամ այն ներկայացուցիչը փորձում սեփական ճաշակով մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը։ Այնտեղ հստակ ասված է՝ ավագանու այս ընթացքում հրավիրված նիստերը եղել են անօրինական, ոչ իրավազոր, ինչը ենթադրում է, որ բոլոր  այն որոշումները, որոնք ընդունել է ոչ իրավազոր ավագանին, անօրինական,  ոչ իրավազոր, դե յուրե առ ոչինչ որոշումներ են»,-ասաց Զոհաբյանը:

Նրա խոսքով, ստեղծված պայմաններում, 2 լուծում կարող  է լինել. «Կամ քաղաքական կոալիցիան գտնում է իր մեջ այնքան քաղաքական կամք եւ հրավիրելով նաեւ ընդդիմադիրներին՝  գումարում ավագանու նիստ, որի ընթացքում ընտրում է քաղաքապետ,  կամ ավագանին լուծարվում է եւ նշանակվում են Վանաձորի ավագանու նոր ընտրություններ։ Ես հստակ չեմ կարող ասել, եթե ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը» եւ ՕԵԿ-ը դադարեցնեն բոյկոտը, արդյոք ավագանու նիստերը կհամարվե՞ն իրավազոր, բայց վստահաբար կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի դադարեցնելու բոյկոտը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:

ՏԻՄ օրենքը մի հոդվածում նշում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, հետեւաբար, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է:

Տպել
Ամենաշատ