News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ հակադրությունը բացառված է: Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը:

Պարոն, Հարությունյան, ՀՀ ՔԿ պետի տեղակալն իր ասուլիսում նշել է, որ այս տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեում քննիչների կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ ամենաշատ միջնորդությունները ստացվել են դատախազների կողմից, որոնց ընդամենը 3.8 տոկոսն է եղել հիմնավոր:

Նախ` ուզում եմ նշել, որ քննիչների եւ դատախազների կարգապահական խախտումներին մոտենում ենք առաջին հերթին այդ խախտումների պատճառները վերացնելու, գործերի քննության ընթացքում քննչական, դատավարական ընթացակարգերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, սխալները շտկելու տեսանկյունից, ինչը, ինչպես նաեւ դատախազության կողմից ավելի մեծաթիվ միջնորդություններ ներկայացնելու փաստը պետք է համարել բնական՝ նկատի ունենալով քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու դատախազության՝ սահմանադրաիրավական լիազորությունը, որի իրացման արդյունքում էլ ի հայտ են գալիս նախաքննության ընթացքում քննիչի կողմից  թույլ տրված խախտումներն ու թերությունները:  

Բայց մեզ համար կարեւորն այն չէ, թե քանի քննիչ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ դատախազի միջնորդության հիման վրա: Այլ խոսքով՝ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությունը չէ այն դատավարական միջոցը, որով դատախազը պետք է հասնի քրեական գործով նախաքննության օրինականության ապահովմանը: 

Կոնկրետ գործերի քննության ժամանակ դրսեւորվող թերությունները,  նախաքննության մարմինների կայացրած անհիմն որոշումների հետեւանքները, քննության սխալ պլանավորումը հսկող դատախազների կողմից անմիջականորեն ուղղվում են դատախազական հսկողության կոնկրետ գործիքակազմով, ինչպիսին է, օրինակ, խախտում թույլ տված քննիչներին վարույթից հեռացնելը, անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցումներ տալը, անհիմն եւ անօրինական որոշումները վերացնելը եւ այլն:

Իսկ կոնկրետ քննիչների, երբեմն նաեւ նրանց անմիջական վերադասի, ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության միջնորդությունները համակարգային հարցերի լուծմանն են ուղղված, մասնավորապես, այդ միջնորդությունները նպատակ ունեն իրազեկելու Քննչական կոմիտեի ղեկավարությանը քննչական կոնկրետ  բաժնում տիրող իրավիճակի վերաբերյալ, շեշտադրելու որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որպեսզի Քննչական կոմիտեի ղեկավարության կողմից ձեռնարկվեն ադեկվատ կազմակերպչական միջոցառումներ, այդ թվում՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կադրային համալրումների, տեղաշարժերի ձեւով:

Ի դեպ, նույն մոտեցումը դատախազների կողմից ցուցաբերվում է նաեւ ՀՔԾ վարույթում քննիչների վերաբերյալ քննվող բազմաթիվ գործերով,  երբ հաստատվում է այս կամ այն խախտումը թույլ ալու փաստը, սակայն, հաշվի առնելով դրանց՝ նվազ կարեւորության պատճառով հանրային վտանգավորություն չներկայացնելու հանգամանքը, քննիչները չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: 

Բացի այդ, դատախազների կողմից ներկայացվող միջնորդությունների եւ դրանց քննարկման արդյունքների ուսումնասիրությունը վկայում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատախազի կողմից մատնանշված՝ քննիչի կողմից թույլ տրված այս կամ այն խախտման փաստի բացակայության մասին, ինչը բացառվում է, այլ խախտման եւ  համարժեք կարգապահական տույժի որեւէ տեսակի կիրառման համաչափության ընտրությանը:

Ավելին, բազմաթիվ են նաեւ այն դեպքերը, երբ ծառայողական ուսումնասիրությունների արդյունքում փաստվել են միջնորդություններում արձանագրված խախտումները, որոնք դարձել են քննարկման առարկա եւ համապատասխան քննչական ստորաբաժանման ղեկավարության ուշադրությունն է հրավիրվել դրանց վրա՝ հետագայում նման խախտումները բացառելու նպատակով:

 Նման դեպքերում խախտում թույլ տված քննիչների նկատմամբ ցուցաբերվող մոտեցումներում շատ հաճախ էական նշանակություն է տրվում կոնկրետ քննչական ստորաբաժանման կամ կոնկրետ քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությանը, մինչ այդ վերջինիս դրսեւորած վարքագծին, բնութագրին, ինչին ըմբռնումով ենք մոտենում, նկատի ունենալով, որ քննչական կոմիտեն իբրեւ նորաստեղծ պետական մարմին դեռեւս առկա բազում, այդ թվում որակյալ, փորձառու կադրերով համալրվելու խնդիրներ պետք է լուծի:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, կցանկանայի փաստել, որ ցանկացած պարագայում, միեւնույնն է, կոմիտեի ղեկավարությունը պատասխանատու է աշխատանքների ճիշտ կազմակերպման, ղեկավարման, կադրերի կառավարման մեթոդների ճիշտ ընտրության, այլ խոսքով՝ նախաքննության հնարավորինս բարձր որակ ու արդյունավետություն ապահովելու համար:

Ասուլիսում ՔԿ պետի տեղակալը հայտարարել է, որ օրերս դատախազները քննիչին ծեծի են ենթարկել բանավոր ցուցումը չկատարելու համար, այն դեպքում, երբ օրենքը պահանջում է ցուցումները տալ միայն գրավոր:

Նախ՝ տեղի ունեցածն, ինքնին, անընդունելի է, որին ՀՀ դատախազության կողմից հետեւել է համաչափ արձագանք: Մասնավորապես, այդ միջադեպին մասնակից դատախազների կողմից իսկ ներկայացված զեկուցագրերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել:

Բացի այդ, նկատի ունենալով այն, որ  դեպքի մասին քննիչն ահազանգել է 1-02 եւ դեպքից երկու օր անց Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել, դեպքի առթիվ նախաձեռնվել է նաեւ քրեական վարույթ, որի քննությունը ՀՀ Գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՔԾ-ին: Ավելին չէի ցանկանա մանրամասնել՝ կատարվող քննության շահերից ելնելով: 

Միայն կարող եմ վստահեցնել, որ իրականացվում եւ իրականացվելու է  դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտում, որի արդյունքներով  կայացվելու են անաչառ եւ արդարացի որոշումներ:  Մեկ բան ակնհայտ է. դատախազներն այդ օրը գտնվում էին քննչական բաժնում՝ տեղում քննիչների եւ քննչական բաժնի պետի հետ միասին օպերատիվ կերպով քրեական գործերը քննարկելու, քննությունը պլանավորելու, անհրաժեշտ դատավարական որոշումներ կայացնելու նպատակով, ինչը դատախազի կողմից արդյունավետ համագործակցության նախաձեռնության դրսեւորում է: 

Եթե խոսենք կոնկրետ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության եւ նույն տարածքի քննչական բաժնի մասին, ապա պետք է փաստեմ, որ դատախազության ստորաբաժանման եւ նախաքննական մարմնի միջեւ ձեւավորված առողջ համագործակցությունը, որպես կանոն, աչքի է ընկել  արդյունավետությամբ, ավելին,  այդ դեպքից կարճ ժամանակ առաջ նույն բաժնի քննիչներից մեկն իր հետագա գործունեությունը դատախազական համակարգում շարունակելու հայտ է ներկայացրել, որը բավարարվել է եւ ներկայումս նա աշխատում է նույն վարչական շրջանների դատախազությունում: Ներկայումս նույն բաժնից եւս երեք քննիչ էլ նման ցանկություն է հայտնել:

Ամփոփելով նշված դեպքի մասին խոսքը՝ ցանկանում եմ նշել, որ այդ միջադեպն ակնհայտ մասնավոր, խիստ լոկալ բնույթ ունի, որի պատճառները կպարզվեն, եւ ակնհայտ անընդունելի, ոչ լեգիտիմ նպատակ հետապնդող տրամաբանությամբ միայն կարելի է այդ միջադեպը ընդհանրացնել, գեներացնել:

Ինչ վերաբերում է դատախազի կողմից բանավոր ցուցումներ տալուն, ապա  քրեադատավարական օրենքը հստակ կարգավորում է դատախազի կողմից, այդ թվում նաեւ բանավոր ցուցում տալու ընթացակարգը: Բայց իրական կյանքում անխուսափելի եւ բազմաթիվ են դեպքերը, երբ անմիջական շփումներում քննիչը, հսկողություն իրականացնող դատախազը, ելնելով նախաքննության օպերատիվությունն ու արդյունավետությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, միասին պլանավորում են նախաքննությունը, դատավարական որոշումների հիմքերը, պայմանները: Սա արդյունավետ համագործակցության դրսեւորում է, որը, սակայն, երբեք չի բացառել տարակարծությունների դեպքում օրենքով սահմանված ընթացակարգերի գործարկումը:   

Արդյոք այս դրսեւորումները չե՞ն խոսում Դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ հակադրության առկայության մասին:

Բացառված է: Քննչական կոմիտեի պարագայում, հաշվի առնելով, որ այն նորաստեղծ կառույց է, ՀՀ գլխավոր դատախազի պահանջն է եղել ամենօրյա հոգատարություն ցուցաբերել՝ նրա բնականոն գործունեության ապահովմանը նպաստելու նպատակով: Եվ տարվում է արդյունավետ, համագործակցված աշխատանք՝ յուրաքանչյուր գործով քրեական դատավարության խնդիրները լիարժեք ապահովելու, վարույթի մասնակիցների դատավարական իրավունքներն անշեղ ապահովելու նպատակով: Բացի քրեադատավարական օրենքով նախատեսված ուղղակի մեխանիզմների կիառումից, դատախազների կողմից ամենօրյա մասնագիտական, մեթոդական աջակցություն է ցուցաբերվում Քննչական կոմիտեի քննիչներին: Եվ դա բնական է, քանի որ համակարգը որակյալ, փորձառու քննիչներով համալրված լինելու, նախաքննությունը հնարավորնիս արդյունավետ իրականացնելու խնդիրը համապետական նշանակություն ունի:

Տպել
Ամենաշատ