News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայում տղամարդիկ 21 տոկոսով ավելին են վաստակում, քան կանայք։ Այդ մասին հայ լրագրողների հետ զրույցում նշել է Գերմանիայի Ընտանիքի, կանանց, տարեցների եւ երիտասարդության դաշնային նախարարության ընդունելության բաժնի ղեկավար Լիզա Զինգերը։

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ նա նշել է, թե նույն աշպատանքի համար նույնպիսի որակավորում ունեցող տղամարդիկ 6 տոկոսով ավելին են վաստակում, քան կանայք։ Իրավիճակը շտկելու համար դաշնային օրենք են ընդունել։ Լիզա Զինգերի խոսքով, պետական մարմիններում այդ տարբերությունն ավելի քիչ է, քան մասնավոր հիմնարկներում, շնորհիվ պետական հաստատություններում ներդրված քաղաքականության։

Պետական պաշտոնյայի խոսքով, Գերմանիայում ընդունված չէ ասել, թե ով որքան գումար է վաստակում։ Իսկ նոր օրենքով, ընկերությունները հաշվետվություններ պիտի ներկայացնեն, թե որքան գումար են ստանում իրենց աշխատակիցները։

Դաշնային մեկ այլ օրենք էլ ուղղված է հավասարեցնելու կանանց եւ տղամարդկանց ներկայացվածությունը խոշոր ընկերություններում։ Ըստ այդ օրենքի, հատկապես խոշոր 100 ընկերություններում, որոնք ներկայացված են ֆոնդային բորսայում, ղեկավար կազմի առնվազն 30 տոկոսը պետք  լինեն հակառակ սեռի անձինք։ Եւս 3500 ընկերություններում այդ համամասնությունը պետք է կազմի առնվազն 15 տոկոս։

Իսկ նշված նախարարությունում, օրինակ, ղեկավար կազմի 56 տոկոսն են կանայք։

Հարցին, թե ինչպես են մասնավոր ընկերությունները գնահատում աշխատակիցների որակավորումը՝ համամասնությունը ապահովելու համար, գերմանացի պաշտոնյան նշել է, թե հաշվի են առնվում փորձը, կրթությունը։ «Աշխատանքի ընդունելիս յուրաքանչյուր ընկերություն ինքը կարող է ներկայացնել իր չափորոշիչները սակայն դրանք պետք է ընդհանուր լինեն թե կանանց, թե տղամարդկանց համար»,- արձանագրել է Լիզա Զինգերը՝ հավելելով, որ այդ քաղաքականությունը ձեւակերպվում է «Հավասար շանս բոլորի համար» կարգախոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ