News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն մտադիր է շարունակել հետախուզել ՀՀ Լոռու մարզի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերեւակման պաշարները, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

Համապատասխան հայտը ներկայացվել է բնապահպանական փորձաքննության: Այս ընկերությունը նշված հանքերեւակման համար երկրաբանական աշխատանքների թույլտվություն առաջին անգամ ստացավ 2014 թ-ին: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը` ընկերությունն առաջին թույլտվության շրջանակներում ուսումնասիրել, առանձնացրել է հեռանկարային տարածքները եւ այժմ մտադիր է հետախուզել դրանք` հետագա շահագործման համար:

Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երեւակումը գտնվում է Մարց գետի հովտի աջափնյա լանջին, զբաղեցնում է 411 հեկտար տարածք, որից 170 հեկտարը մտնում է Մարց համայքի վարչական տարածքի մեջ, 241 հեկտարը` Լորուտ համայքի:

Երեւակման շրջանի բուսականությունը ներկայացված է բացառապես անտառային բուսականությամբ: «Պապաքարի լեռնաշղթայի լեռնալանջերը ծածկված են լայնատերեւ հաճարենու եւ կաղնու-բոխու անտառներով, ազատ տարածքները զբաղեցրած են մարգագետիններով, որտեղ տիրապետում է տարախոտային եւ հացազգային բուսականությունը», - նշված է հայտում: Այնուամենայնիվ, «Վիկտորիա Սիլվեր»-ը հայտում շեշտում է. «Աշխատանքների իրականացման ժամանակ բացառվելու է ցանկացած տիպի անտառային բուսականության հատում»:

Նախկինում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տվյալներով տեղամասում օգտակար հանածոների պարունակությունները հետեւյալն են. ոսկի` 4.3 գ/տ, արծաթ` 11.0 գ/տ, պղինձ` 0.34 %, կապար` 0.7 %, ցինկ` 1.80 %: Ակնկալվելիք հետախուզական աշխատանքների արդյունքում լաբորատոր ուսումնասիրության կենթարկվեն 1000 հատ նմուշ 5 էլեմենտների համար` ոսկի, արծա, պղինձ, ցինկ, կապար: Սպասվում են հանքաքարի եւ մետաղների հետեւյալ պաշարները. հանքաքար` 2700 հազար տոննա, ոսկի` 11610 կգ, արծաթ` 29.7 տոննա, պղինձ` 9180 տոննա, կապար` 18900 տոննա, ցինկ` 48600 տոննա:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2017-2019 թթ-ի ընթացքում, թեպետ 2017 թ-ը մոտենում է ավարտին:

Հայտի երկրորդ հանրային քննարկումը, որին մասնակցելու է բնապահպանության նախարարության փորձագետը, նշանակված են դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, Լորուտ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:

Հարց է առաջանում, թե պաշարների հաստատման դեպքում ինչ եղանակով է ընկերությունը արդյունահանելու մետաղները եւ ինչպես է խուսափելու անտառահատումներից:

Այս հայտի հետ կապված «ԷկոԼուր»-ը դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` խնդրելով պարզաբանել.

1. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող ո ՞ր անտառտնտեսության տարածքում է ընկնում Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերեւակումը:

2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տրամադրե՞լ է թույլտվություն «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ին` անտառային տարածքում օգտակար հանածոների երկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար:

Տպել
Ամենաշատ