News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ։ Այս մասին ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով, հաղորդում է «Ազատությունը»։

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները», - ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ - «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:

Շանսոնյեն անդրադարձել է նաեւ «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաեւ մշակութային գործունեություն է ծավալելու:

Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախկին եւ ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին եւ Էմանյուել Մակրոնին:

«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ - «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»:

Հավելենք, որ ֆրանսահայ երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Անցյալ շաբաթ Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Մամուլը բազմաթիվ գրախոսականներով արձագանքեց Ազնավուրի այդ մենահամերգին՝ նրան որակելով իբրեւ «ֆրանսիական երգի վերջին մեծը», ավելին՝ «ֆրանսիական երգի վերջին հսկան»:

Ազնավուրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում համերգներով հանդես կգա հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 6-ը:

Տպել
Ամենաշատ
Partner news