Վրաստանը ԵՏՄ երկրներում իր արտադրանքի արտահանման եւ վաճառքի նպատակով պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները եւ ազատ առեւտրի գոտիների առկայությունը: Այս մասին Թբիլիսիում վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թբիլիսիից NEWS.am-ի հատուկ թղթակիցը հաղորդում է, որ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված ցանկացած ընկերություն կարող է  օգտակար լինել Վրաստանի համար:

 «Իրանի հետ սահմանին ազատ առեւտրի գոտին Վրաստանի համար հիանալի հնարավորություն է, քանի որ Իրանը վաճառահանման մեծ շուկա է», - ասել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանի անվտանգության եև կայունության մասին հարցերը:

 «Մենք համակարծիք ենք, որ երկարաժամկետ հակամարտությունները պետք է միայն համաձայնեցված ձեւաչափերում խաղաղ բանակցությունների միջոցով լուծվեն»:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի պատրիարք եւ կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ: