News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զարմանալի օրինաչափությամբ մենք չկարողացանք Հովհաննես Չեքիջյանին անվանել վարպետ, թեեւ ինքը վարպետ է անշուշտ՝ եւ՛ իր կենսափորձով, եւ՛ տարիքով, եւ՛ ավանդույթի բոլոր օրենքներով, բայց իրոք որ երիտասարդ ոգի ունի եւ առայժմ մենք չկարողացանք նրան վարպետ ասել, ասում ենք մաեստրո: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին,  Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման եւ մեծարման արարողության ժամանակ ասել է Տիգրան Մանսուրյանը:

«Այսօր այս փառավոր օրն ինձ մեծ պատիվ է տրված բացման երկու խոսք ասելու այս հանդիսավոր արարողակարգի առթիվ՝ փոքր-ինչ ներկայացնելով մեր այսօրվա ոչ թե մետաֆորիկ, այլ իրապես հերոսին, ազգային հերոսին: 1961 թվականին սահմանը հատեց իր անցյալի եւ ամբողջ ներկա գործունեության, որը եղավ մի հրաշալի սկիզբ ներդրվելու իր կարողություններով, տաղանդով, փորձով, ընտանիքի ձեռքբերումներով հայ երաժշտական իրականությանը: Դա եղավ իրոք փառավոր սկիզբ եւ այնքան հետեւողական, որ երբեմն ապշում ես՝ մի՞թե կարելի է այդքան հետեւողական, այդքան ծրագրված կյանքով ապրել, երբ ամեն մի դրվագն իր գինը ունի, իր արժեքն ունի, եւ ամեն մի նշանակալի երեւույթ իր տեղն ու ծավալը ունի, յուրաքանչյուրի համար կա ճշգրիտ վերաբերմունք: Եվ այս ամբողջի թագավորությունը երաժշտությունն է, այնտեղից է ծնունդ առնում մարդկային այս նկարագիրը, հարաբերությունների այս տեսակը երաժշտությունն է: Եվ ուրեմն, քանի որ երաժշտության մասին եղավ խոսքը, երկու դրվագ ուզում եմ հիշել այս պահին: Այն, թե ինչպես Երեւան քաղաքի սրտում՝ հրապարակում Արամ Խաչատրյանը նկարահանվում էր՝ նկարվում էր նրա «Ձոն երջանկության» մեծածավալ գործը՝ գրված նվագախմբի, մեծ երգչախմբի, մենակատարների եւ այլ գործիքների համար: Եվ այստեղ ես ականատեսն էի Արամ Խաչատրյան-Հովհաննես Չեքիջյան համագործակցության, որ ամբողջ մի Հայաստանի երաժշտական սիրտն էր դարձել այդ պահին, որտեղ մեծ վարպետը եւ այսօրվա մեր հերոսը «Երջանկության ձոնն» էին ձայնագրում: Դա, իրոք, գեղեցիկ օր էր՝ երկուսին տեսնել մեկ գործի շուրջ:

 

Երկրորդ դրվագը, որ ուզում եմ հիշել, տարիներ անց էր, երբ Չեքիջյանը Լոս Անջելեսում է, հայկական համայնքային հարաբերությունների հարցեր է ճշտում, ըստ երեւույթին, համերգ պետք է լինի, եւ ի պատիվ իրեն երեկո է, ընդունելություն դահլիճում: Հրաշալի խոսքից եւ մաեստրոյին ներկայացնելուց հետո այնտեղ հայտնվում են իր նախկին գործընկերները՝ տարեց մարդիկ, որոնց պահանջն է բեմ բարձրանալ մի անգամ եւս իրենց կյանքում եւ երգել մաեստրոյի հետ: Դա իսկապես տեսնելու մի գեղեցիկ պահ էր: Տարեց մարդիկ՝ տարիներով աշխատած կապելլայում, բարձրացել են բեմ: Մեծ թիվ չէր երգիչների, երգչուհիների, բայց դա ի՜նչ հնչողություն էր, դա ի՜նչ երգեցողություն էր, դա ի՜նչ երաժշտական ակտ էր իրապես: Կարծես թե հանդիպել են զորավարը եւ զինվորները պատերազմից տարիներ անց եւ իրար շատ լավ գիտեն, կես նշանից հասկանում են՝ ուր հասնել, ինչպես հասնել: Դա իրոք մարդկային նկարագրի մի շատ գեղեցիկ դրսեւորում էր նախ այս երգչախմբի անդամների, որ հավատարիմ են մնացել, սիրում են իրենց մաեստրոյին, եւ մաեստրոյի վերաբերմունքը այդ երաժիշտներին: Այս երկու դրվագը կուզեի հիշել անցած տարիներից:

 

Իր այսօրվա արարողակարգի շնորհավորանքը շատ-շատերիս է այսօր բաժին հասնում՝ իր բազմահազար, միլիոնավոր ունկնդիրներին, եթե այս տարիների ընթացքի բոլոր լսարանները հիշենք աշխարհով մեկ: Նաեւ շնորհակալության զգացումն է գործընկերների, որոնք իր հետ աշխատել են եւ այսօր էլ աշխատում են կոնսերվատորիայում, բուհական համակարգում: Գործընկերների ուրախությունն է այսօր, մեծաթիվ գործընկերների: Եվ, անշուշտ, բացառիկ երեւույթ է, քանի որ եղածը եւ իրականությունն այսօրվա՝ ակադեմիական երաժշտության ներկայացուցիչը, այսօրվա հայ երաժշտության նահապետը հռչակվում է ազգային հերոս: Դա իրոք լուրջ քայլ է հայ ազգային երաժշտության այս տարիների զարգացման ընթացքին, մեծագույն քայլ է: Բանն այն է, որ իրապես բախտն այդպես է տնօրինել, ժամանակն այդպես է տնօրինել, որ առաջին հերոսը պիտի լինի ոչ թե գործիքային երաժշտության բնագավառից, ոչ թե երաժշտագիտությունից, ոչ թե երաժշտության այս կամ այն մասնագիտությունից, այլ հատկապես ակադեմիական այն կառույցից, որ կոչվում է երգչախումբ:

Երգչախումբը սկիզբն է, մայր արմատն է ամբողջ դասական երաժշտության՝ դեռ եկեղեցուց, անցյալի եկեղեցուց, եւ այսօր էլ այդպիսին է: Կոմիտասն է այդ հիմքը դրել մեզանում, որը մնաց անհաղթահարելի բարձունք իբրեւ արվեստ՝ կոմիտասյան երգչախմբային մտածողությունը: Եվ ահա այսօր այս փառավոր իրականության ներսում մեծարվում է այս աշխարհի ներկայացուցիչը: Իհարկե, ունեցանք գործիքային երաժշտության մեծեր, որոնք մեր գործիքային երաժշտության անունը հանեցին աշխարհով մեկ. բավական է հիշել Արամ Խաչատրյանին, Բաբաջանյանին, Միրզոյանին: Բայց ահա գալիս է անկախության շրջանը, եւ անհրաժեշտ է նորովի անցյալը վերանայել, եւ երբ նորովի ես վերանայում անցյալը, շատ օրգանական եւ շատ բնական է, երբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հետո բացվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Դա այնքան խորհրդանշական է Հայաստանի, նոր Հայաստանի իրականության, երաժշտական իրականության պարագայի տեսանկյունից: Եվ ահավասիկ դրա նույն շարունակությունն է այսօր, օրգանական շարունակությունը՝ այս արարողությունը, երբ հռչակվում է հերոս»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ