News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱՍԱԼԱ-ի գործողություններն արդարացված գործողություններ էին, եթե դրանք չլինեին, մենք այսօր այստեղ չէինք լինի: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակի մարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից Մարտիրոս Ժամկոչյանը:

«ԱՍԱԼԱ-ն հիմք դրեց նրան, որ սփյուռքը չպառակտվի, չլուծարվի, չշեղվի իր հիմքերից, իր հայրենի օրրանից չհեռանա եւ նպաստեց նրան, որ սպիտակ ջարդ չլինի եւ 1975 թվականին ԱՍԱԼԱ-ն ստեղծվեց, որ հայն ունենա իր խնդրի լուծման ինքնուրույն միջոցը, թեկուզ, որ ինքը պետություն չուներ այդ ժամանակ: ԱՍԱԼԱ-ն պայքարի արդար ձեւ էր: Ճառերով, խոսքերով դա չէր արդարանա եւ եթե ԱՍԱԼԱ-ն չլիներ այդ միջազգային ճանաչումները չէին լինի»,- ասաց Մարտիրոս Ժամկոչյանը:

ԱՍԱԼԱ-ի անդամը պատմեց իր մասնակցությամբ Ժնեւում 1981 թվականին տեղի ունեցած գործողության մասին, որի ժամանակ գնդակահարել է թուրք դեսպանին եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվել:

«Իմ անդամակցությունը գաղտնի բանակին գրեթե սկզբից է եղել` 1975 թվականից։ Դրանից առաջ ունեինք երիտասարդ հայ խմբակցություն, որի անդամ էի 1973 թվականից: Հետո երբ ԱՍԱԼԱ-ն հիմնվեց, հետաքրքրվում էի, իհարկե, մեր խմբակցության տղաներից շատերը էլի ԱՍԱԼԱ-ի անդամ եղան: Ես պաշտոնապես ԱՍԱԼԱ-ին անդամակցեցի 1980 թվականից: Հետո 1981 թվականին հունիսի 9-ին Ժնեւում գործողություն արեցի` զգետնեցի թուրք դեսպանին, ձերբակալվեցի, 15 տարի դատվեցի, 10 տարուց ավելի նստեցի, հետո 1991 թվականին ազատ արձակվեցի, եկա Հայաստան: Այստեղ միացա շարժմանը, ազատագրմանը անկախության այդ բոլոր գործընթացներին մասնակցեցի»,- պատմեց Մարտիրոս Ժամկոչյանը:

ԱՍԱԼԱ-ի մարտիկի կարծիքով` գաղտնի բանակի գործունեությունը այսօր էլ շարունակվում է, սակայն այլ ձեւերով եւ դրսեւորումներով:

«Քանի հայկական հարցը կա, ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման խնդիրը կա, մեր պայքարն ավելի է թեժանալու, քանի որ մենք ունենք չլուծված խնդիր եւ պայքարը պետք է շարունակվի: ԱՍԱԼԱ-ն, իհարկե, առաջվա պես բացահայտ գործողություններ չի անում, բայց աշխատանքներ տարվում են քաղաքական գաղափարական ուղղություններով եւ այնպես ենք անում, որ մեր երկրին իր գործողություններով վնաս չտա ԱՍԱԼԱ-ն»,-ասաց Մարտիրոս Ժամկոչյանը:

Նշենք, որ Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն ստեղծվել է 1975 թվականին մի խումբ լիբանանահայերի կողմից իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ: Կազմակերպության նպատակն էր զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին մտցնել միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել։

Տպել
Ամենաշատ