News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Երբեք չեմ դժգոհել կամ զղջացել, որ ԱՍԱԼԱ-ին եմ անդամակցել»: NEWS.am-ի հետ զրույցում անկեղծացավ Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

«ԱՍԱԼԱ-ին անդամակցել եմ 1978 թվականից հետո: Երբեմն ասում են նախկին անդամ, բայց կազմակերպության մեջ նախկին անդամ երբեք չի լինում, կամ է, կամ չէ: Երբեք չեմ դժգոհել կամ զղջացել, որ ԱՍԱԼԱ-ին եմ անդամակցել»,-պատմեց Վազգեն Սիսլյանը:

Վազգեն Սիսլյանը առաջին անդամն է եղել ԱՍԱԼԱ-ի պատմության մեջ, որ խմբային գործողություն է ղեկավարել:

«Կազմակերպության ղեկավարների կողմից առաջարկ եղավ մասնակցել «Վան» գործողությանը, եւ առաջին անգամն էր, որ խմբային գործողություն պետք է լիներ եւ թուրքական մի հաստատություն պետք էր գրավվել: Ուղղակի մի քանի օր ժամանակ խնդրեցի, բայց շատ արագ պատասխանեցի, որ կարող եմ անել, քանի որ լուրջ, պատասխանատու գործ էր: Մենակ չէի լինելու, 3 ուրիշ երիտասարդների կյանք ինձանից կախված էր: Ընդունեցի առաջարկն ու մի քանի շաբաթ հետո արդեն ամեն ինչով պատրաստ էինք: Տարբեր հերթականությամբ մեկնեցինք Փարիզ ու արդեն որոշվեց հյուպատոսարանը գրավվել, ու մենք կարողացանք հաջողացնել այդ գործողությունը եւ զինվորական առումով եւ, ինչի չէ, դատավարական առումով քաղաքական հաջողության հասանք: Բանտարկության ընթացքում մենք կարողացանք շատ բան տեղից շարժել ու այսօր մենք շարունակում ենք մեր պայքարը: Մեզ 7 տարի դատեցին, որից 5 տարին բանտում անցկացրեցինք եւ դուրս եկանք, այնուհետեւ Բեյրութ գնացի եւ 1990 թվականից եկա Հայաստան ու էդ գալս է»,- պատմեց Վազգեն Սիսլյանը:

«Վան» գործողությունից հետո Վազգեն Սիսլյանը առաջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին է մեկնել Փարիզ, այցելել գործողությանը մասնակցած, այնուհետեւ բանտում ինքնասպան եղած ընկերոջ գերեզմանին:

«Այնպես էր ստացվել, որ չէի գնացել այդ չորրորդ ընկերոջ գերեզմանին եւ վերջապես կարողացա այցելել ու հետը մի քիչ «զրուցել» այսպես ասած»,- պատմեց Վազգեն Սիսլյանը:

ԱՍԱԼԱ-ի մարտիկի կարծիքով` Վան գործողությունը շատ բան փոխեց, նույնիսկ ֆրանսիացի շատ երիտասարդներ գործողությունից հետո ասում էին, որ իրենք հայ են:

«ԱՍԱԼԱ-ի նման գործունեությունը հավերժ չէր կարող լիներ ուղղակի այն ժամանակ այդպես էր պետք ու արվեց, այսօր ուրիշ միջոցներով պայքարը շարունակվում է, պայքարի տարբեր ձեւեր կան ու չգիտենք` վաղը ինչ կլինի»,- հավելեց Վազգեն Սիսլյանը:

1981թ. սեպտեմբերի 24-ին 4 հայ երիտասարդներ (Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան եւ Գեւորգ Կյուզելյան), զինված ատրճանակներով, ինքնաձիգներով եւ պայթուցիկներով, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, եւ այն 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ:

Պատմական էր ոչ միայն «Վան» գործողությունը այլեւ 4 երիտասարդների դատավարությունը: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի:

Ֆրանսիայի դատարանը գործողության մասնակիցներին դատապարտեց 7 տարի ազատազրկման: Վազգենը, Գեւորգն ու Հակոբը ազատ արձակվեցին ժամկետից շուտ` 1986թ. օգոստոսին ու վերադարձան Լիբանան: Տարիներ անց, երեքն էլ հաստատվեցին Հայաստանում: Գործողության մասնակից Արամ Պասմաճյանը 1985թ. ինքնասպան եղավ բանտում:

Տպել
Ամենաշատ