News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձեւաչափերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրա-պնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար։

Ինչպես միշտ, Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց եւ արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաեւ Եվրոպայի խորհրդի կանոնադրային եւ մոնիտորինգային մարմինների զեկույցները։

Այս համագործակցության առաջին հասցեատերը եւ շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:

Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին եւս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ։

Իհարկե, քննարկեցինք նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։

Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման եւ նրանց միջեւ «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձեւաչափերը:

Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը եւ բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, եւ այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության եւ միասնականնության ապահովման նպատակով։

Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաեւ տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրում է ունեցել Եվրոպայի խորհուրդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ