«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել էր առաջարկություն՝ ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգը, սակայն կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, կառավարության հիմնավորումն առավել քան ծիծաղելի է. «Որեւէ լուրջ հիմնավորում չունենալով, թե ինչու չպիտի անցնել պարզ, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, կառավարությունը որոշել է ստանձնել աշխարհագրության ուսուցչի դեր եւ մեզ տրամադրել տեղեկատվություն տարբեր երկրներում ընտրակարգերի վերաբերյալ:

«Ես հիմա դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ին, որն ընդամենը 3 օր առաջ իր հայտարարության մեջ անդրադարձել է ընտրական օրենսգրքին եւ առաջարկել վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը: Բոլորս հասկանում ենք, որ այս համակարգը ապաքաղաքականացրեցին ընտրությունները, միանալ նախաձեռնությանը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը կամիկաձե չէ եւ չի գնալու նման քայլի, եթե չլինի մեր բոլորի ճնշումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ հանել տարածքային ընտրակարգն ու անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Հիշեցնենք, որ գործող ընտրական օրենսգրքով, բացի համապետական ցուցակներից, քաղաքական ուժերը ներկայանում են նաեւ տարածքային ցուցակներով:

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց