News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թեեւ Դատական օրենսգրքից հանվեց դատավարության մասնակիցներին, այդ թվում փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթը, սակայն այն ներառվեց դատավարական օրենսգրքերում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը օրինագծերի փաթեթի հետ բերել է նոր օրենքներ, որտեղ ներառվել են լրիվ նոր դրույթներ, ինչը օրենքի տեսանկյունից անթույլատրելի է:

«Փաստորեն փաստաբանները, դատախազները, քննիչները եթե վիրավորեն դատարանին, վերջինս իրավունք ունի նրանց նկատմամբ պատիժ կիրառել մինչեւ 100 հազար դրամի չափով: Դատական օրենսգրքում այս դրույթը կար, բայց նախատեսված էր վերապահում: Փաստաբանները պատասխանատվության ենթակա չէին, իսկ դատախազներն ու քննիչները ենթակա էին: Դեպք չի եղել, որ սա կիրառվի քննիչների ու դատախազների նկատմամբ: Սա իրականում զսպաշապիկ է փաստաբանների համար»,-հայտարարեց Զեյնալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ցավոք, կալանքի գործերով, փաստաբանի կողմից գործը շահելու հավանականությունը ընդամենը 2 տոկոս է. «Խաղացեք «Հայ լոտո», որովհետեւ ավելի շատ է շահելու հավանականությունը, քան դիմեք դատարան եւ փորձեք պաշտպանեք ձեր վստահորդին կալանքից: Այսպիսի անարդար դատարաններին նոր նոր գործիք ենք տալիս»:

Արտակ Զեյնալյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանն ունի նախադեպեր, որով սահմանվում է, որ դատավորը չի կարող միաժամանակ լինել իրավունքի խախտման զոհ եւ դատավոր. «Այսինքն եթե դատավորը ասենք վիրավորվեց, այդտեղ ինքը տեղում անցկացնում է նախաքննություն, որոշում է, որ մեղավոր է, մեղադրական եզրակացությամբ դիմում է ինքն իրեն եւ ինքն էլ դատապարտում է: 100 հազար դրամի տուգանքը իր բնույթով քրեական պատիժ է: Այստեղ պետք է լինեն բոլոր երաշխիքները,  մարդու իրավունքները պաշտպանելու համար:

Սա հակասահմանադրական օրենք է: Եթե ընդունենք սա, հետագայում ՄԻԵԴ-ում պարտություններ ենք ունենալու, հետո բերելու ենք բոլոր դատավորներին ենթարկենք պատասխանատվության»,-հայտարարեց Զեյնալյանը:

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ նման օրենսգրքի ընդունման դեպքում Եվրոպական տարբեր կառույցներում լինելու են Հայաստանի դեմ զեկույցներ. «Մենք այնտեղ խնդիր ենք ունենալու, որ պետք է բացատրենք, թե ինչու է սա արվել: Ես վստահ եմ, որ սա մեր երկրի վարկի վրա է ազդելու, վստահ եմ, որ սա ռեգրես է, դատական համակարգին ոչինչ չի տալու, նաեւ քաղաքական լծակ է դառնում իշխանության ձեռքին»:

ՀՅԴ-ից Արմեն ռուստամյանը եւս նշեց, որ պետք չի շտապել, կարելի է եւս մեկ անգամ մանրամասն քննարկել օրենքը, քանի որ  քանի որ այն սկսելու է կիրառվել 2019 թվականից:

Օրինագծերի փաթեթը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դատական տուգանքը կարող է արդյունավետ աշխատել դատական նիստի բնականանոն գործընթացը ապահովելու համար. «Ավելին, մենք նախատեսել ենք, որ փաստաբանի կողմից դատական սանկցիան՝ տուգանքը, վերաքննիչ դատարան բողոքարկելիս առաջին ատյանի որոշումը կասեցվում է»:

Հիշեցնենք, որ փաստաբանների մի հատվածը այս փոփոխությունների դեմ արդեն մի քանի օր է գործադուլ է անում;

Տպել
Ամենաշատ