News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամբողջությամբ անցնել համամասնական ընտրակարգին։ Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ի պատասխան NEWS.am–ի հարցի՝ հայտարարեց, թե նախագծի նպատակն այն է, որ քաղաքացին ձայնը չտա «քուչի տղուն»։

Նշենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ–ն կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին։

Հարցին՝ ի՞նչն է ռեյտինգային ընտրակարգի խնդիրը, Ծառուկյանը պատասխանեց. «Միայն նրա համար, որ ասենք թե, համապատասխան, էսօր քաղաքացին, գյուղացին, ծառայողը, ուսանողը իրա ձայնը տալիս ա իրա քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, իրա մարզպետին, ոչ թե կուսակցությանը, իսկ քուչի տղեն, թաղապետը քաղաքապետը ծրագրային կառավարական, օրենսդիր փոփոխություններ չեն կարող անել, պետք է լինի ըստ կուսակցական, որ քաղաքացին ձայնը տալուց իմանա, որ կուսակցությանն է տալիս, որ իր սպասելիքը իմանա»։

Հիշեցմանը, որ իշխող մեծամասնության պատգամավորները հայտարարում են, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու նպատակ չունեն, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Բայց ես ի՞նչ անեմ, հիմա ժողովուրդը, պետք է ասենք, թե ընտրության համար գիտակցի»։

Ծառուկյանը, սովորության համաձայն, լրագրողներին մեղադրեց ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու, երկրում ապագա չունենալու մեջ։ «Եթե մարդը էսօր երկրից գնում ա, ասում եմ՝ խի ես գնում, իմ մոտ ստանում ես 2000 դոլար, ասում ա՝ ես քո մոտ 5 տարի էլ աշխատեցի, ապագա չեմ տեսնում.... այսօր ապագա ունենալու համար բոլոր մեղավորները դուք եք, մարդկանց թյուրիմացության մեջ եք դնում, թույլ չեք տալիս մարդը միտքը ասի, որ հանրությանը ընկալելի լինի»,–լրագրողներին դիմեց Ծառուկյանը։ Իսկ երկրի խնդիրների պատասխանատու, դրանց լուծման վերաբերյալ խոստումներ շռայլած իշխանությանն ու վարչապետ Կարեն Կարապետյանին խնայեց՝ հիմնավորելով, որ վերջինս իր ընկերն է։ «Ես ասել եմ, որ ինքը իմ ընկերն է ու կոռեկտ չի, որ ընկերն ընկերոջ մասին կարծիք հայտնի։ Վարչապետը իմ ընկերն է, դրա համար ես իր աշխատանքի մասին իրավունք չունեմ... գնացեք հարցը իրեն տվեք, ժողովրդին տվեք»,–ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, թե իր գլխավորած խմբակցությունը քննադատում է կառավարությանը, ոչ թե վարչապետին։

Տպել
Partner news