News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ցանկացած ռեստավրացիոն աշխատանքի պարագայում շատ կարեւոր է ճարտարապետական հուշարձանի արտաքին տեսքը պահպանելը։ Սա վերաբերում է նաեւ հայկական Գեղարդ վանական համալիրին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Դանիելե Սպիցիկինոն՝  Բնապահպանության եւ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտից (Իտալիա) ։ 

«Եթե ճարտարապետական հուշարձանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, դա նշանակում է, որ դրանում ինչ-որ յուրահատուկ բան կա: Ոչ ոք իրավունք չունի պարզապես վերցնել եւ ինչ-որ բան փոխել հուշարձանի արտաքին տեսքում, պետք է պահպանել հուշարձանի ամբողջականությունը, պահպանել այնպիսին, ինչպիսին կա, դա շատ կարեւոր է: Իհարկե, դա բարդ է, բայց ոչ անհնար»,-նշեց փորձագետը։ 

Նրա խոսքով՝ ժայռի մեջ փորված կառույցներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելը միշտ էլ դժվար է եղել եւ պահանջում է հատուկ տեխնիկա: Ավելին, նրա փոխանցմամբ՝ չի կարելի թերագնահատել հետազոտության դերը, որ պետք է իրականացվի նախքան որեւէ աշխատանք սկսելը:

«Ժայռը մշակել եւ դրանում  հուշարձան կառուցելը բավական հեշտ է, եթե քարը բավականաչափ դյուրաբեկ է, սակայն փրկելը, ռեստավրացնելը եւ վերականգնելը  դառնում է բավականին դժվար եւ պահանջում է հատուկ մոտեցումներ, ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ երկրի կլիմայական պայմանները, քարի որակը եւ այլն», -ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով՝ ինքը Գեղարդի վանական համալիրում դեռ չի եղել, սակայն նրա մասին շատ նյութեր է ուսումնասիրել, իսկ համալիրը կկիարողանա տեսնել միայն վաղը։ 

13-րդ դարում կառուցված Գեղարդի վանական համալիրի ռեստավրացիայի, ամրացման  եւ ջրահեռացման աշխատանքների խնդիրների քննարկման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կազմակերպված եռօրյա գիտական համաժողովի շրջանակներում Երեւանում են հավաքվել Հայաստանի եւ Իտալիայից ժամանած մասնագետներ։ 

Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նշեց, որ ներկայումս Գեղարդում ռեստավրացիոն աշխատանքների սուր անհրաժեշտություն չկա, սակայն այս քննարկումները կօգնեն հասկանալ՝ ինչ աշխատանքներ են պետք իրականացնել ապագայում եւ ինչպես պետք է դրանք իրականացվեն։ 

Չնայած համալիրի հիմնական կառույցները ներկա պահին վատ վիճակում չեն, սակայն այն հատվածներից, որոնք փորված են ժայռի մեջ, ջրեր են թափանցում։ Ճարտարապետ Մերի Դանիելյանը պատմեց, որ ջրամեկուսացման եւ ջրահեռացման շուրջ հիմնական աշխատանքն իրականցվել է 2015 թվականին հայկական մասնագետների կողմից։ 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն, իր հերթին, նշեց, որ չի կարելի թերագնահատել քննարկումների եւ գիտական հանդիպումների կարեւորությունը, որոնք հնարավորություն կընձեռեն ռեստավորացիոն աշխատանքներ իրականացնել եւ պահպանել ճարտարապետական հուշարձանները ապագա սերունդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ