News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Երեւանի ավագանու նիստում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը:

«Իրավիճակի հետ ծանոթ չեմ, որովհետեւ երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում»,-ասել է նա:

Արմեն Սարգսյանը  հավելել է, որ ցանկացած բռնություն իր համար անընդունելի է. «Ես իմ էությամբ մեկն եմ, ով միշտ ուզում է գնալ երկխոսության, քննարկման, տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերեւից ներքեւ, ներքեւից վերեւ, ընդունելի չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ