Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չէր կարող բերել առաջին անհրաժեշտության ապրանքների գների նման չափով բարձրացման, մինչդեռ ակցիզային հարկի դրույքաչափերի իջեցումը կհանգեցնի բյուջեի համար 16,7 մլրդ դրամի ճեղքվածքի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, իսկապես, գների աճի գլխավոր պատճառը ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ արձանագրվել է 2017-ի սեպտեմբերից սկսած, երբ ակցիզային հարկի դրույքաչափերի աճի մասին խոսք չկար:
«Սեղմված գազով հիմնականում իրականացվում է ուղեւորափոխադրումներ: Պետք է փաստել, որ գազի գները բարձրացել են, բայց մատուցվող ծառայությունների գները չեն փոխվել: Բենզինի գներ, այո բարձրացել են, բայց բենզինով որեւէ ծառայություն չի մատուցվում, դա սպառվում է անհատական մեքենաները լիցքավորելու համար: Հետեւաբար պնդել, որ բենզինի թանկացումը կարող էր բերել առաջին ապրանքների գների աճի, սխալ կլինի: Դիզվառելիքի դեպքում ունենք խնդիր, թանկացումը կազդի գյուղացիների վրա, դրա համար հիմք քննարկվում է, թե ինչպես կարող ենք փոխատուցել գյուղացիների վնասը, ասել ենք, որ կսուբսիդավորենք»,-ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ սեղմված գազով մեքենա վարողների մոտ ծախսերն ավելացել են, հետեւաբար գնաճին դիմագրավելու համար պետք է փորձել խոցելի խավերին աջակցել. «Այսինքն եթե 21,9 տոկոսով գնաճ է արձանագրվել, ապա պետք է աջակցել սոցիալապես անապահով հատվածին»:
Ինչ վերաբերում է եկամտահարկին, դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ օրինակ մինչեւ 150 հազար դրամ ստացողների եկամուտները այս փոփոխություններիով կավելանան ընդամենը 3 հազար դրամով, իսկ օրինակ 450 հազար դրամ ստացողի համար՝ 9 հազար դրամով, ինչը արդարացված մոտեցում չէ:
Խոսրով Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները չի հանգեցնի սոցիալապես անապահով խավի եկամուտների բավարար չափով աճի, հետեւաբար պետք է այլ լուծումներ գտնել նրանց խնդիրները լուծելու համար, մասնավորապես կրճատել ստվերը: Նա նշեց նաեւ, որ գնաճը կարող է նաեւ այլ գործոններով պայմանավորված լինել, որը պետք է ուսումնասիրել. օրինակ գնաճի վրա կարող է ազդել տուրիզմի աճը:
Նշենք, որ «Ելք»-ի առաջարկած Հարկային օրենսգրքի այս փոփոխություններով առաջարկվում է վերդառնալ վառելիքի վրա ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին:
Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել




























