News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բաքվում հերթական անգամ փորձել են ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Ինչպես հայտնում է contact.az-ը, Միլի մեջլիսի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի եւ երկրի նախագահի օգնական Ալի Հասանովի ուրախությունը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին առաջադրված մեղադրանքը հանելու վերաբերյալ վաղաժամ էր: Այսպես՝  իտալացուն առաջադրված փողերի լվացման մեղադրանքը հանվել է, իսկ կոռուպցիայի մեղադրանքը մնում է, եւ նա դեռեւս քննության մեջ է: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է հետաքննող լրագրող,  OCCRP միջազգային լրագրողական հետազոտական ցանցի անդամ Հադիջա Իսմայլովան:

Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտության» միջազգային սկանդալի ֆիգուրանտներից է, որը հետաքննել է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային հասարակական կազմակերպությունը: Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանից 2,3 մլն եվրո կաշառք ստանալու մեջ, որը ծախսվել է ԵԽԽՎ մի շարք պատգամավորներին կաշառելու համար՝ 2013 թվականի հունվարին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը տապալելու համար: 2016 թվականին Միլանի դատախազությունը Վոլոնտեի դեմ հետաքննություն է սկսել՝ նրան մեղադրանք առաջադրելով: Սակայն օրերս Միլի մեջլիսի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը, իսկ նրանից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էին, որ Վոլոնտեի բոլոր մեղադրանքները հանվել են: Հասանովն անգամ հետապնդմամբ էր սպառնացել բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանին «զրպարտել» են:

Սակայն, ինչպես այսօր գրել է Իսմայլովան, հանվել է միայն Վոլոնտեին առաջադրված փողերի լվացման մեղադրանքը: Սա նշանակում է, որ դատարանը հաստատել է, որ Վոլոնտեն Ադրբեջանի մերձավոր շրջանակից ստացած փողերը լվանալուց հետո նրանց չի վերադարձրել: Իսկ կաշառք ստանալու մեղադրանքը ուժի մեջ է մնում, եւ Վոլոնտեն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, գրում է Իսմայլովան: «Սա փիառ աղետ է: Լրագրողներին սպառնալով եւ դատարանի մասին սուտ տարածելով՝ նրանք պարզապես արտասահմանյան լրատվամիւոցներին հիշեցրել են կաշառքների մասին եւ եւս մեկ առիթ են տվել խոսելու Ադրբեջանում ու Եվրոպայի խորհրդում կոռուցիայի մասին: Անչափ ոչ պրոֆեսիոնալ է»,- նշում է Իսմայլովան՝ կապված  Սուլեյմանովի եւ Հասանովի «մերկացնող» հայտարարությունների հետ: Այն, որ Վոլոնտեի դեմ կոռուպցիայի մեղադրանքները մնում են, հաստատել են նաեւ նրա փաստաբանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ