News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր՝ փետրվարի 19-ին, այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

Թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, քննարկել՝ գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը: Հրատարակիչները նաեւ իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ եւ փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ:

Սերժ Սարգսյանը եւ հանդիպման մասնակիցները քննարկումից առաջ շնորհավորել են միմյանց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա եւ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձեւավորված բարի ավանդույթը` Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձեւերից մեկն է: Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել:

Նախագահը նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: «Բուկինիստ» ընկերության տնօրենը նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակված «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին մեծ բաժնով ներկայացված է նաեւ Հայաստանը: «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը Նախագահին նվիրել է «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որտեղ ներկայացված է հայ կերպարվեստի եւ ճարտարապետության պատմական ուղին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի մեծագույն գրող եւ մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, որտեղ ներկայացված են քննախույզ գիտնականի մտորումները կեցության առեղծվածի ճանաչողության, բնության ու մարդու միջեւ մղվող հավերժական պայքարի մասին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահը նվիրել է վերջին շրջանում հրատարակչության տպագրած թարգմանական գրականությունը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» եւ «Մարդկանց երկիրը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքերը:

«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը Նախագահին ներկայացրել է «Բուկինիստ» գրավաճառ ցանցի գործունեության արդյունքում վերջին տարիներին արձանագրված զգալի հաջողությունները, ցանցի ընդլայնման եւ հատկապես մարզերում գրախանութների հիմնման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Սերժ Սարգսյանը գրախանութի տնօրենի հետ շրջայց է կատարել «Բուկինիստում», ծանոթացել գրախանութի՝ նորագույն եւ լավագույն գրականությամբ հագեցած բաժիններին, այդ թվում՝ մասնագիտական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ