News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանում աժիոտաժ սկսվեց:

Երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանի օգտին դեմ է քվեարկել ընդամենը 2 պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ ընդհանուր թվով 7 հոգի, դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին:

«Մանր ժուլիկություն է, ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված «Ելք» դաշինքին»,- ասաց Փաշինյանը:

Գագիկ Մելիքյանը մինչդեռ հայտարարեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են հաշվելու գործընթացին: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ «դեմ» քվեաթերթիկները փոխարինվել են «կողմ» քվեաթերթիկներով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցության անդամներից նույնպես կան հանձնաժողովի կազմում եւ  հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամների մասնակցությամբ նման բանն անհնարինն էր:

«Մեր անդամների մասնակցությամբ ոչ մի մանիպուլյացիա չէր կարող լինել, պահանջում ենք վերահաշվարկ կատարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել խորհրդարանի բնականոն աշխատանքի մեջ. «Եթե ցանկանում եք, կարող եք վերահաշվարկ անել»:

ԱԺ-ն անցավ հաջորդ օրինագծի քննարկմանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին խորհրդարանում կայացրած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ-ի առաջին պաշտոնում առաջադրված՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել է 96 կողմ եւ 2 դեմ ձայն: Երկրորդ պաշտոնում առաջադրված՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ստացել է 90 կողմ եւ 7 դեմ ձայն: Երրորդ պաշտոնում առաջադրված՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը ստացել է 82 կողմ եւ 15 դեմ ձայն: 4-րդ առաջադրված փաստաբան Հայկ Հովհաննիսյանը ստացել է 86 կողմ եւ 11 դեմ ձայն, իսկ 5-րդում առաջադրված Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը ստացել է 87 կողմ եւ 10 դեմ ձայն:

Տպել
Ամենաշատ