News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017 թվականին երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները (ֆոտոռեպորտաժ):

Ավանդական անվանակարգերից բացի՝ շնորհվել են նաեւ հատուկ մրցանակներ. մրցանակակիրներին դրանք հանձնել է արարողությանը ներկա նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին ու նորանոր հաջողություններ մաղթել: Նախագահը, մասնավորապես, նշել է. ««Հայկյան» մրցանակաբաշխությունը սահմանվել է 2001 թվականին, այսինքն՝ այս մրցանակաբաշխությունը 21-րդ դարի զավակ է: Դուք էլ եք 21-րդ դարի զավակներ՝ անկախ նրանից, որ ձեզնից ոմանք հնարավոր է լույս աշխարհ են եկել նախորդ դարի վերջերին: Միեւնույն է` 21-րդ դարը ձերն է, 21-րդ դարում դու՛ք պետք է հասնեք հաջողությունների, 21-րդ դարում Հայաստանի պատիվը դու՛ք պետք է պահեք, Հայաստանի հաջողության գրավականը դու՛ք պետք է լինեք:

Ես, անշուշտ, ծանոթացել եմ մրցանակակիրների աշխատանքներին և նորից համոզվել եմ շատ պարզ մի ճշմարտության մեջ` աշխատող, պրպտող մարդը միշտ էլ կարող է գտնել հաջողության ճանապարհը: Սա աքսիոմ է: Այստեղ հարցեր չեն կարող լինել: Բնական է՝ մեզնից յուրաքանչյուրը չի կարող հասնել ամենամեծ հաջողությանը, բայց անհնար է, որ աշխատասեր մարդը, պրպտող մարդը հաջողության ինչ-որ մի աստիճանի չհասնի: Ուզում եմ, որպեսզի նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի հաջողություններ` զարգացնեն, հասնեն մի այնպիսի աստիճանի, երբ իրենք կհամարեն, որ իրենց ներուժը իրացվել է, որովհետև հասարակության համար վտանգավոր են այն անհատները, ովքեր համարում են, որ ինչ-ինչ պատճառով իրենց ներուժը չի իրացվել: Հետագայում նրանք սկսում են հասարակությունից ակնկալել ու պահանջել այնքան, որքան հասարակությունն ի վիճակի չէ տալու, եւ այստեղ կոնֆլիկտ է առաջանում: Մի հավատացեք այն սին խոսքերին, որ իմ բախտը չի բերել, նրանց բախտը բերել է: Բերում է նրա բախտը, ով առավոտ կանուխ արթնանում է եւ վազում իր բախտի հետեւից՝ ազնիվ ճանապարհով, աշխատանքով եւ, իհարկե, ընդունակություններն իրացնելով:

Նորից եմ կրկնում, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորիս հույսը դուք եք եւ ի դեմս ձեզ՝ Հայաստանի ուսանողությունը, Հայաստանի երիտասարդությունը: Միգուցե ծեծված խոսքեր են, բայց ապագան ձերն է, և դուք միշտ պետք է կարողանաք արժանավայել ու արժանապատիվ անցնել ձեր ճանապարհը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հավելենք, որ «Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել, մասնավորապես, «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», « Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ», «Լավագույն միջբուհական ծրագիր», «Լավագույն երիտասարդական ՀԿ Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգերում:

Տպել
Ամենաշատ