News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը։

Պարոն Պասկեւիչյան, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորած 2008–ի համաժողովրդական շարժումը համարվում էր իշխանափոխության ռեալ հնարավորություն։ Խաղաղ հանրահավաքները հրապարակ բերեցին հարյուր հազարավորների։  Ընդվզողների անկասելի հոսքն էլ  թերեւս իշխանությանը վրա ճնշում գործադրելու ամենազորեղ լծակն էր։ Տասը տարվա հեռվից երբ նայում եք, ինչո՞ւ չհաջողվեց իշխանափոխության հասնել մինչ Մարտի 1–ի ոճրագործությունը։

Իշխանափոխությունն, ըստ էության, չեղավ Մարտի 1-ի պատճառով։ Ամեն ինչ ընթանում էր օրինական ճանապարհով՝ չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունները կամ, գուցե, երկրորդ փուլ անցկացնել։ Շարժումը չէր գնում իշխանությունը զավթելու։ Եթե հիշում եք, փետրվարին հասարակությունը կտրուկ քայլեր էր պահանջում, հարթակն անընդհատ զսպում էր՝ հույսը դնելով իշխանությունների խոհեմության վրա։ Այդ հույսն արդարացված էր նախադեպով։ Հետագայում իր ելույթներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է դա՝ ասելով, որ Մյասնիկյանից սկսած Հայաստանի ոչ մի ղեկավար չի կրակել հայ ժողովրդի վրա։

Այսինքն՝  հավատում էին, որ իշխանությունը չի՞ կրակելու...

Գիտե՞ք, եթե բացառենք մարգարեության կանխավարկածը, պետք է արձանագրենք, որ ամեն մարդ դիմացինի հնարավոր գործողությունները գնահատում է սեփական վարքի կանոններից ելնելով։ Հավատ՝ չէ, բայց կար պատկերացում, որ նախագահ Քոչարյանը չէր գնա նման քայլի։ Այդ պատկերացումն օդից չէր, դա կարող էր ձեւավորվել նաեւ հեռացող նախագահի անձնական նպատակահարմարության հաշվառմամբ։

Օրինակ, ինչպես պիտի դա լիներ, հրապարակը օրեցօր լցվում էր տասնյակ հազարավոր պայքարողներով, բայց երթից հետո վերադառնում էին նույն կետին, ինչպե՞ս պետք է լիներ իշխանափոխությունը։

Վճռական քայլի մասին ժողովրդի պատկերացումը հետեւյալն էր՝ գնալ Բաղրամյան պողոտա, գրավել նախագահական նստավայրը կամ Ազգային ժողովը եւ գործն ավարտել։ Դա նշանակում էր՝Մարտի 1-ը պիտի տեղի ունենար մարտի 1-ից առաջ։ Նման քայլը կդիտարկվեր որպես ահաբեկչություն, իսկ ահաբեկչության դեմն առնելու բոլոր միջոցներն արդարացված են։ Սա առաջինն է, ինչի համար շարժման առաջնորդները չէին խրախուսում անպատեհ վճռականությունը։

Երկրորդն, ըստ իս, ավելի կարեւոր է։ Այդ «վճռականության» արդյունքում հասարակությունը լիցքաթափվելու էր եւ լքելու էր հրապարակը։ Պայքարն ավարտվելու էր։ Այն, ինչ եղավ 1996-ին. հասարակությունը հիասթափվեց ու հեռացավ։ Մինչդեռ անգամ Մարտի 1-ի ոճրագործությունից հետո ժողովուրդը չդադարեցրեց պայքարը։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը դեմ էր, այպես կոչված՝ վճռական քայլերին եւ ասում էր՝ պետք է կանգնած մնալ ու ընդլայնել շարժման պարագիծը։ Եւ հենց դրանից էլ իշխանության նյարդերը տեղի տվեցին ու եղավ Մարտի 1-ը։

Ազգային ժողովում օրերս Մարտի 1-ի թեմայով լսումներ էին, որը նախաձեռնել էր  «Ելք» դաշինքը։ Ինչո՞ւ չմասնակցեցիք։

Այդ լսումներին ինձ չէին հրավիրել։ Եթե հրավիրեին, չէի գնա. անիմաստ բաների վրա ժամանակ չեմ ծախսում։ Ամեն ինչ պարզ է, եւ նոր խոսարան ստեղծելու կարիք չկա։ 2009-ին՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի լուծարմամբ, իշխանությունն, ըստ էության՝ արդեն հաստատել էր ե՛ւ մեղավորներին,ե՛ւ կազմակերպման դրդապատճառները։ Այսօրանհեռանկար «դատաքննությամբ» զբաղվելու փոխարեն պետք էր իշխանություններից պահանջել բնութագրել Մարտի 1-ի տասը զոհերին։ Պետք էր ասել՝ պարոնայք վերջապես ասեք ձեր կարծիքը երիտասարդ այդ մարդկանց մասին։ Ովքեր էին՝ խուժա՞ն, ինչպես ներկայացվում էր այն օրերին, անմեղ զոհե՞ր, հերոսնե՞ր։ Ովքե՞ր էին… Ինձ համար հերոսներ են, որոնք ընկել են Հայաստանի ազատության համար։

ՀՀԿ–ականները մեղադրանքի սլաքները տանում էին Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, Սերժ Սարգսյանը  պատասխաանտու  չէ՞։  Հարցը Ձեզ եմ ուղղում նաեւ այն պատճառով, որ Մարտի 1–ի ոճրագործության մասին Ձեր հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմում գրեթե բացահայտված է ամեն ինչ։

Սերժ Սարգսյանը կողմերից մեկն էր եւ դեմ չէր ամեն գնով նախագահ դառնալուն, բայց Մարտի 1-ի գերագույն գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ այդ պահին Հանրապետության նախագահը ինքն էր։ Եթե կա ուղղաձիգ կառավարման համակարգ, բնականաբար, պատասխանատուն բուրգի գագաթն է։ Ասեմ, որ հակառակ ընթացքն էլ կարող էր ապահովել Քոչարյանը, եթե բավականաչափ խոհեմ լիներ կամ լավ խորհրդատուներ ունենար։ Որպես հեռացող նախագահ՝ ասենք, կարող էր հրավիրել Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու փորձեր կոնսենսուս ձեւավորել։ Չարեց, չհասկանալով, որ դա առաջին հերթին հենց իրեն էր պետք։

Սերժ Սարգսյանը կարող է բացահայտել, եթե մեղավոր չէ, ի վերջո տասը մարդ  զոհվեց, Սերժ Սարգսյանը իշխանության եկավ եւ իր իշխանության տասը  տարվա ընթացքում  որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։

Ինչո՞ւ պետք է բացահայտի։ Չէ՞ որ այդ ամենն իր համար արվեց եւ այսօր էլ սեփական իշխանությունը պահպանելու համար ինքը դեմ չէ պատժիչ մեքենայի պահպանմանն ու կատարելագործմանը։ 

Իսկ գուցե՞ դա արվեց ոչ թե Սերժ Սարգսյանի համար, այլ իր դեմ։

Գուցե։ Հիմա դժվար է ճշգրիտ գնահատել։Կանցնի ժամանակ, դեպքերի մասնակիցները հուշեր կգրեն կամ կպատմեն եւ հասարակությունը կռահումների առավել հավաստի նյութ կստանա։ Փաստ է մի բան, որ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը ինքնասպան եղավ։ Տեսնում եք, չէ՞, նա գոյություն չունի։

Բայց Մարտի 1–ի պատճառո՞վ գոյություն չունի...

Գոյություն չունի հենց Մարտի 1-ի պատճառով։ Եկեք մի պահ պատկերացնեք՝ Մարտի 1-ը չի եղել։ Ի՞նչ էր լինելու։ Մի քանի տարի հետո Քոչարյանը սպիտակ վերնաշապիկով ու փողկապով, воин-միակտղամարդու իր կեցվածքով գալու էր, ասեր՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, էս ի՜նչ արտագաղթ է սկսվել, ի՜նչ է կատարվում, ու ժողովուրդը գուցե ընդուներ նրան։ Մարտի 1-ը փակեց վերադարձի բոլոր ուղիները։ Ինքն էլ դա գիտի։

Ե՞րբ Մարտի 1-ի մեղավորները կպատժվեն։

Ձեր հարցի պատասխանը տվել են Մարտի 1-ի զոհերի ծնողները։ Քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով ձեւավորված օրինակարգ իշխանություն չկա, Մարտի 1-ը մնալու է չբացահայտված։ Մյուս կողմից՝ պետք է պարզենք, թե ի՞նչ ենք հասկանում բացահայտում ասելով՝ մեկ-երկու-երեք տասնյակ մարդկանց ազատազրկո՞ւմ, թե կատարվածի եւ առհասարակ իրականության համակողմանի գնահատական։ Գնահատման գործընթաց, որը քննության առարկա կդարձնի ոչ միայն հայտնի դեպքերը, այլեւ պետության գործառույթների փիլիսոփայությունը։  

Այդ ոճրագործությունը ի՞նչ հետեւանք ունեցավ հայաստանյան քաղաքական կյանքում։ Նկատի ունեմ այն, որ դրանից հետո որպես մինչեւ վերջ գնալու սպառնալիք քաղաքական ուժերը մատնացույց են անում  2008–ի զոհերը եւ առանց պատասխանատվության  փակում պայքարի էջը։ 

Դա «արյուն կթափվի» բոբոն է։ Այդ բոբոն կար նաեւ Մարտի 1-ից առաջ։ 2007-ի աշնանն, օրինակ՝ Արտաշես Գեղամյանը տեղի-անտեղի խոսում էր թափվելիք արյունից՝ չհասկանալով, որ մատնում է իր տերերին։ Բայց ամենամեծ, ինչպես Դուք եք ասում՝ սպառնալիքն, իմ կարծիքով, Արցախի չկարգավորված հարցն է։ Հայաստանում ընդվզումները ձախողվում են առաջին հերթին այդ պատճառով։ Ասում են՝ եթե այս-այս բաներն անեք, սահմաններում լարվածություն կսկսվի, հակառակորդը կօգտվի դրանից, մենք հողեր կկորցնենք եւ այլն։ Որովհետեւ 90-ականներին մենք հաղթեցինք կայունության շնորհիվ, իսկ Ադրբեջանը պարտվեց օրումեջ պատահող հեղաշրջումների պատճառով։ Սա, ուրեմն՝ որպես փոփոխությունների արգելակ ավելի ազդու է, քան Մարտի 1-ին թափված արյունը։

Իսկ եթե չլիներ Մարտի 1–ը, ի՞նչ կունենայինք  այսօր։

ԵթեՄարտի 1-ը չլիներ, կլիներ փոփոխություն, եւ մենք այսօր կապրեինք որակապես այլ Հայաստանում։ Ամեն ինչ միանգամից չէր փոխվի, բայց կլիներ փոխելու ջանք, քաղաքական կամք՝ թե Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ, թե կյանքի բարելավման։ Ես կարեւորում եմ առաջինը, թեեւ շատ դեպքերում այն ոչ մեզանից, ոչ էլ Ադրբեջանից կախված չէ, բայց քաղաքական կամքի առկայությունը, վստահ եմ, կսահմանափակեր երրորդ ուժի (կամ ուժերի) միջամտությունը։

2008–ի շարժումը ի՞նչ  կարեւոր  բան թողեց։

2008-ի շարժումն, իմ կարծիքով, անկախության պայքարի շարունակությունն էր։ Եթե հիշում եք, զանգվածային միջոցառումների կարեւոր կարգախոսներից մեկը «Ազատ, անկախ Հայաստան»-ն էր։ Դա ոչ ոք չէր մտածել, դա զանգվածներին չէր տրվել վերեւից, չէր պարտադրվել. ներքին մղում էր, հենց այդպես՝ ազատ, անկախ Հայաստան։ Որովհետեւ տեսնում էին այդ գաղափարը մարմնավորող մարդու։ Իսկ ի՞նչ կար մինչ այդ։ 1996-ի նախընտրական եւ հետընտրական ղալմաղալը (կներեք օտար բառի համար), 1998-ի «կոմբինատի տնօրենների» անգաղափար պայքարն ու նման մեծ ու փոքր բաներ։ 2007-08-ին Տեր-Պետրոսյանը տեքստ բերեց հրապարակ, որը հասարակությունը մինչեւ հիմա ընթերցում է։ Դա Հայաստանի քաղաքական կյանքում որակական մեծ փոփոխություն էր։

Պարոն  Պասկեւիչյան, ընտրություններից հետո Ազատության հրապարակը թափուր է։ Ըստ քաղաքական ուժերի՝ իշխանության դեմ պայքարելու հանրային պահանջ չկա,   հանրության շրջանում էլ կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը ամայացրել է, չկա ժողովրդին  առաջնորդող։  Ձեր կարծիքով, ինչո՞ւ է թափուր պայքարի հարթակը։  

2008-ի շարժումը չի ավարտվել, գուցե դադարել է, բայց չի ավարտվել։ Պարզապես ժամանակի ընթացքում մասնատվել է, իմ կարծիքով բաժանվելով երեք խմբի՝ քաղաքական, քաղաքացիական եւ ծայրահեղական (Միայն զենքով կա հային փրկություն)։ 2008-ի ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական շարժումներն էին, բայց դրանք գնացին սխալ ուղղությամբ։ Քաղաքացիական ակտիվիստները միամիտ խոհեմությամբ իրենց առանձնացրեցին քաղաքականից։ Ասացին՝ մեզ մի խառնեք քաղաքականի հետ։ Մենք մեր քաղաքացիական պահանջներն ենք դնում։ Եւ կամաց-կամաց մարեցին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ «քաղաքացիական»-ը որպես առանձին երեւույթ գոյություն չունի։ Եթե դու շարժվում ես, շարժվելդ արդեն քաղաքական է։ Իշխանության առջեւ Թեղուտը փակելու խնդիր ես դնում՝ ասելով, գիտեք, սա քաղաքական պահանջ չէ։ Իշխանությունները, որ դրանից շահ ունեն, պահանջն ընկալում են որպես քաղաքական՝ միաժամանակ հասկանալով, որ չքաղաքականացնելու երկյուղը կարող են օգտագործել PR կամ այլ նպատակներով։ Էլեկտրիկ Երեւանն ինչո՞ւ այդքան երկար մնաց Բաղրամյան պողոտայում, որովհետեւ քաղաքական բովանդակությունից զուրկ էր։ Եթե քաղաքական նպատակներ չունես, նախագահականի դարպասներն էլ կբացեն քո առջեւ։

Ինչ վերաբերում է հրապարակի ամայությանը, ամայությունն ինձ չի մտահոգում։ Եթե հիշենք 70–80 ական թվականները՝ խորհրդային վերջին տասնամյակն, ամեն ինչ ավելի դատարկ էր ու ամայի։ Ահավոր ամայություն էր, լճացում էր ու ամեն ինչ անհույս էր թվում, բայց 88-ը եղավ, չէ՞։ Մարդիկ ոտքի կանգնեցին, խոսեցին, պահանջներ ձեւակերպեցին, առաջնորդներ ծնեցին եւ այլն։

Հիմա լճացում չէ՞...

Այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան լճացմանը, բայց դա իշխանությունների հոգսն է, դրա մասին թող իրենք մտածեն, քանի որ լճացումներին միշտ էլ պայթյունն է հաջորդում։

Այդ պայթյունի համար պարտադի՞ր է որեւէ առաջնորդի ի հայտ գալը։

Կարծեմ՝ չկա առաջնորդներ պատրաստող որեւէ համալսարան։ 1988–ի փետրվարին ժողովուրդը հավաքվեց, առաջնորդներ չկային, շատ չանցած հայտնվեցին։ Հետո ժողովրդի հասունացմանը զուգահեռ առաջնորդությունն ավելի կուռ դարձավ։ Էդ մարդիկ որտեղի՞ց եկան՝ մեկը դասախոս էր, մեկը գիտնական, լրագրող…Չի բացառվում, որ վաղը մի լրագրող կամ հենց դուք դառնաք այսօր փնտրվող առաջնորդը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ