News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների եւ ծրագրերի վերաբերյալ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ պետական գերատեսչությունների, շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների եւ անհատների հետ ձեւավորված համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, զեկուցել նաեւ անցյալ տարի փետրվարի 22-ին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Հանրապետության Նախագահի այցի ժամանակ հնչեցրած դիտարկումների եւ մոտեցումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենտրոնի գործադիր տնօրենը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է յուրաքանչյուր գերակա ոլորտում իրականացվող առավել ուշագրավ ծրագրերը, ինչպես նաեւ մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ու առաջիկայում այդ փաստաթղթի հանրային քննարկումների կազմակերպման վերաբերյալ մանրամասները, որտեղ ՌՆԿ-ն այդ գործընթացը խթանելու նպատակով ստանձնել է աջակցի դեր:

Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակներում «Արար» հիմնադրամի հետ իրականացվել է գյուղատնտեսության, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների գործառութային վերլուծություն: Ներկայումս երկու նախարարությունների համար նախագծվում է հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ` հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքի դրույթները եւ նախարարությունների ճյուղային ռազմավարությունների հստակեցումները:

Գործադիր տնօրենը ներկայացրել է ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ կենտրոնի նախաձեռնությամբ ու անմիջական հսկողությամբ իրականացվող մեկ այլ՝ «YES Armenia» երիտասարդ փորձագետների ծրագիրը, որը ներգրավել է 21 հայ երիտասարդների Հայաստանից եւ սփյուռքից՝ 12 ամիս նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում կառավարության առաջնահերթություններից բխող ծրագրերի վրա աշխատելու համար: Ծրագրի առաքելություններից մեկը պետական համակարգում աշխատանքն առավել գրավիչ եւ արդիական դարձնելն է՝ ներգրավելով պատրաստված եւ առաջադեմ մասնագետների:

Կենտրոնի կատարած աշխատանքների շարքում Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է նաեւ «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնված «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի մշակման աշխատանքների մասին, որտեղ կենտրոնը հանդես է եկել որպես գործընթացը համակարգող: Փաստաթուղթը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, ըստ Ալեքսանդր Խաչատուրյանի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ եւ միջազգային փորձագիտական խմբի ներգրավմամբ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն աջակցում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում։ Հիշյալ օրինագիծը միտված է կարգավորելու Հայաստանում պետություն-մասնավոր գործարքների նախագծման, իրականացման եւ մշտադիտարկման հետ կապված հարաբերությունները:

Աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման, զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ընթացիկ գործունեության եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրագործման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ