News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եթե «Հանրաքվեի մասին» օրենքի չի հավակնում ընտրական նոր մշակույթ ապահովել Հայաստանում, ապա նպատակահարմարության տեսանկյունից խիստ վիճելի է նման օրենքի առկայությունը: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, կյանքը ցույց է տվել, որ ընտրություններ կամ հանրաքվե կազմակերպելիս հիմնականում երկու թիրախային կետ կա, որին պետք է ուշադրություն դարձնել՝ նախընտրական քարոզարշավի օրինականության ապահովում եւ ընտրությունների արդյունքները ճանաչելու գործընթաց. «Այս իմաստով, այս նախագիծը ոչնչով չի տարբերվում ընտրական օրենսգրքից: Նախագծում կտրականապես արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել մի շարք կատեգորիայի անձանց՝ առանց վերապահման, իսկ դժբախտաբար, ընտրակեղծարարության մեջ ներգրավվող կատեգորիաներին արգելվում է քարոզչությամբ զբաղվել միայն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ: Խոսքը ուսումնադաստիարակչական հասատատությունների աշխատողների մասին է: Մենք շատ լավ գիտենք, որ ՀՀ-ում զանգվածաբար ընտրակեղծարարության մեջ են ներգրավվում մանկավարժական կադրերը»,-հայտարարեց գեւորգ Պետրոսյանը:

Նա առաջարկեց այդ բացթողումն ուղղել «Հանրաքվեի մասին. օրենքում. «Կամ ի՞նչ է նշանակում պահպանել այն դրույթը, ըստ որի ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել, եթե ընտրախախտումները կարող էին ազդել ելքի վրա: Այսպիսի հեղհեղուկ արտահայտություն կա նաեւ Ընտրական օրենսգրքում: Կարծում եմ, որ հանրաքվեի կազմակերպման գործընթացում տարածված խախտումներից խուսափելու համար ճիշտ կլինի, եթե մանկավարժական կադրերին, խոսքը վերաբերում է մանկապարտեզներին ու դպրոցներին, ընդհանրապես արգելել զբաղվել նախընտրական քարոզչությամբ, նաեւ որոշակիացնել ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը»,-ընդգծեց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:

Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:

Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:

Օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:

Նա նաեւ նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքով սահմանվում է, որ այսուհետ այդ կառույցներից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:

Տպել
Ամենաշատ