News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն  արդյունաբերական  արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առեւտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ  դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական եւ 943 ժամանակավոր  աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով  նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում եւ 1400  հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում: Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ եւ տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով:

Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է, որ մարզի 8 համայնքների տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 836,4 հազ. դրամ, որը նախատեսվածից ավելի է 18.5 մլն դրամով (101 տոկոս), սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 726,6 մլն դրամ (100,9 տոկոս): 2016 թ. համեմատ 2017 թ. սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 147.0 մլն դրամով: Մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամտային մասի ընդամենը եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 952,7 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները` 889,1 մլն դրամ: 2018 թ. համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017 թ. համեմատ նախատեսվել է հավաքագրել 172.5,0 մլն դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում եւ պետք է հետեւողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաեւ բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ: «Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետեւ իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք եւ մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, եւ մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», - ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով աղբահանության մասով կատարված աշխատանքներին՝ ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում կա ընդհանուր 894 սուբյեկտ, 2017 թ. առ այսօր պայմանագիր է կնքվել 615 տնտեսվարող սուբյեկտի հետ: Վարչապետը հանձնարարել է մինչեւ մարտի վերջ արագ ավարտին հասցնել գործընթացը եւ բոլոր սուբյեկտների հետ կնքել պայմանագիր: Նշվել է, որ 2017 թ. աղբահանության վճարներից գանձումը կազմել է 43,5 մլն դրամ, սանմաքրման եւ աղբահանության ծախսը կազմել է 153,6 մլն դրամ, որից 65,7 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության համար հավաքագրված գումարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսերի 66,2 տոկոսը (ընդհանուր ծախսերի 28.3 տոկոսը): Մարզպետը նշել է, որ 2018 թ. համար նախատեսվում է աղբահանությունից ստացվող մուտքերը հասցնել 82,8 մլն դրամի, եւ հաշվի առնելով եկամուտներ-ծախսեր հարաբերակցությունը համարժեք դարձնելու ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ համայնքների բյուջեներում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ ծախսերը համապատասխանեցվել են եկամուտներին, որպեսզի աղբահանությունը կատարվի ինքնածախսափակման եղանակով:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա,  2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել եւս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել եւս 4-ը: 2016 թ. հիմնվել է 25 հա ինտենսիվ այգի, 2017 թ.՝ 30 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել եւս 55 հա: 2017 թ. 7 հա-ը ոռոգվել է կաթիլային եղանակով, 2018 թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների ծավալը հասցնել 25 հա-ի: Նշվել է, որ 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է ունենալ 2 մլրդ դրամի աճ: Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ եւ հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաեւ քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում եւ համայնքային, մարզային եւ հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները:

2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային եւ այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ: 2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական եւ ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր եւ աշխատել դրանցում ներգրավել նաեւ Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին:

Ներկայացնելով կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից մարզի 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասարանների 1794 աշակերտի հատկացվել է ուսումնական պլանշետ: 9 հանրակրթական դպրոցում գործում է ռոբոտաշինության կաբինետ, ընդգրկված է 167 աշակերտ: Մարզի բոլոր դպրոցները, բացի Բարձրունու միջնակարգ դպրոցից, ապահովված են բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Նոր ուսումնական տարում կլուծվի նաեւ այդ խնդիրը: Մարզի դպրոցներում աշխատում է 61 ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 38 դպրոց ունի մարզադահլիճ, իսկ 4 համայնքում գործում են մարզադպրոցներ, որտեղ աշխատում են 13 մարզիչ, ընդգրկված է 375 երեխա: Հաջող դասավանդվում է ձեռնարկատիրություն առարկան, կան տարբեր խմբակներ, բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվում է ազգային երգ ու պար: Վարչապետը կարեւորել է մարզերում երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:  «Գյուղական համայնքներում պետք է այնպես անենք, որպեսզի երեխաներին մաքսիմալ զբաղվածություն ապահովենք եւ գիտելիք տանք: Այս դասընթացները՝ ձեռնարկատիրություն, ռոբոտատեխնիկա, երեք լեզու, ֆիզկուլտուրա շատ եմ կարեւորում, որպեսզի երեխան նաեւ դպրոցն ավարտելուց կարողանա կողմնորոշվի իր հետագա մասնագիտության հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հորդորելով շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններից ստացված գումարը կազմել է 57 676.8 հազ. դրամ՝ 2016 թ. համեմատ 16064.0 հազ. դրամով ավելի (38 տոկոս): 2018 թ. նախատեսվում է վճարովի ծառայությունները հասցնել 80760.8 հազ. դրամի: Վարչապետը հանձնարարել է   բյուջեն Ուզում եմ որ դուք պլանավորեք ձեր բյուջեն՝ ելնելով որոշակի հաշվարկներից: Մասնավոր ներդրողներ ներգրավեք:

Ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը 2017 թ. կազմել է  492.4 մլն  դրամ,  իսկ 2018 թ.  նախատեսվել  է 2987.8 մլն դրամ /բարեկարգվելու են դեպի Հորբատեղ, Գետափ եւ Հերհեր բնակավայրեր տանող ճանապարհները/: Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաեւ միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ տարբերակների վրա՝ հանձնարարելով ուսումնասիրել ըստ համայնքների նման լուծումների հնարավորությունները:

Զբոսաշրջության ոլորտում 2017 թ. արձանագրված ցուցանիշների մասով զեկուցվել է, որ զբոսաշրջիկների  թիվը Վայոց ձորի մարզում կազմել է 46000 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 9.5 տոկոսով ավելի, ստեղծվել է 18 մշտական աշխատատեղ: 2018թ. ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 50000-ի: Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «20 անիրական իրականություն» ծրագրի շրջանակում մշակվում է Վայոց ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները եւ հատուկ պահպանվող 5 տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագիրը, որը կավարտվի 2019թ.: 2018թ. մասնավորի կողմից կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային (հյուրանոցաշինություն, զբոսաշրջային համալիրի կառուցում եւ այլն) ծրագրեր:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, եւ անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել եւ ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաեւ կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները եւ ներկայացնել առաջարկություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
ՍԱՏՄ-ն վերացրել է երկու արտադրամասերի կասեցումը. նրանք արդեն վերսկսել է աշխատանքը
Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները եւ սահմանված...
«Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում
Չնայած սրան՝ գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն ի վերջո...
Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
11 ամսում անհատ տաքսի վարելու 579 նոր լիցենզիա է տրվել
Քաղաքացիներից ստացված դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում...
Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար. Եմ դեսպան
«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա....
Partner news