News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի եւ էականորեն վտանգում է փաստաբանի մասնագիտությունը Հայաստանում: Այսօր՝ մարտի 9-ին, Երեւանում հրավիրված միջազգային գիտաժողովի ժամանակ նման դիրքորոշում հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ իր ելույթում շեշտելով, որ ներկայացնում է Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանի եւ 35 այլ փաստաբանների դիրքորոշումները ստեղված իրավիճակի վերաբերյալ:

Վահե Գրիգորյանը բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց Պալատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով իրենց տեսակետն ու առաջարկելով լուծումներ:

«Մեր կարծիքով, իրավիճակը չի սրվել մինչեւ այն աստիճան, ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում է, եւ դա ոչ թե քաղաքական իշխանության բարի կամքի կամ Պալատի՝ իր խնդիրներին հավատարիմ մնալու արդյունք է, այլ փաստաբանների որոշակի խմբի դիմագրավության արդյունք: Փաստաբանական մասնագիտության նկատմամբ ամենաարդյունավետ ներգործության եւ սառեցնող միջոցը կարգապահական վարույթներն են, որոնք եթե իրականացվում են ընտրովի արդարադատության սկզբունքով, կարող են առհասարակ վտանգել այս մասնագիտության անկախությունը:

Փաստաբանների պալատի կողմից կարգապահական վարույթները հիմնականում, մեր դիրքորոշմամբ, քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով փաստաբանների նկատմամբ իրականացվում են նվազագույնը մի շարք ընթացակարգային իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպիսիք են Խորհրդի կողմից անկախության եւ անաչառության չափանիշի ոտնահարումը, կարգապահական վարույթների հարուցելիս նախագահի կողմից շարունակաբար որեւէ իրավական չափորոշիչի անտեսումը, այսինքն, չկա բացարձակապես որեւէ կանխատեսելիություն, թե Փաստաբանների պալատի նախագահը կամ նույն գործառույթներն իրականացնող նրա տեղակալն ինչ չափորոշիչների սահմաններում է կողմնորոշվում՝ հարուցել վարույթ, թե ոչ»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Փաստաբանը հիշեցրեց՝ հարուցված կամ չհարուցված վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը Պալատը հետեւողականորեն թաքցնում է թե փաստաբաններից, թե Խորհրդի որոշ անդամներից, ինչի համար էլ այժմ դատավարություն է ընթանում, սակայն, Պալատը շարունակում է խուսափել այդ տեղեկատվությունը տրամադրելուց: Վահե Գրիգորյանի խոսքով, իրենց հետաքրքրում է իրավական դիրքորոշումները, որոնք ուղեցույցային նշանակություն կարող են ունենալ փաստաբանների համար. «Սա գալիս է փաստելու այն իրողությունը, որ փաստաբանների որոշակի խմբի նկատմամբ, որոնք քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով պաշտպանություն իրականացնող փաստաբաններն են, մշտապես իրականացվում է կարգապահական վարույթների հարուցում: Այստեղ նշեցին Արայիկ Պապիկյանի գործը: Նա նույնպես իմ նշած փաստաբանների խմբից է, բայց իմ խորին համոզմամբ, Արայիկ Պապիկյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, որ այս որոշումը թմբկահարվի բոլոր ֆորումներում»:

Փաստաբանն ընդգծեց, որ կարգապահական գործեր քննող Խորհրդի որոշ անդամներ չեն տիրապետում այն ոլորտին, որի կապակցությամբ կարգապահական գործեր են քննում, ավելին, կան անդամներ, որոնք քրեական գործի վերաբերյալ փաստաբանի էթիկայի վերաբերյալ դատողություններ են անում, բայց երբեք որեւէ դատավարության չեն մասնակցել, կասկածի տակ է այն հարցը, թե երբեւէ քաղաքացիական գործերով մասնակցել են, թե ոչ:

«Խորհրդի նիստերն իրականացվում են երկաթուղային կայարանի սկզբունքով. մարդիկ գալիս են, գնում նիստերից, լսում ապացույցներ կամ չեն լսում, գնում են ընտանեկան գործերով, բայց բոլորը խորհրդակցական սենյակ են մտնում որոշում կայացնելու, այնպիսի տպավորություն է, որ որոշումը նախապես կայացված է եղել»,- ասաց նա:

Վահե Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ փաստաբանների նկատմամբ բռնության գործադրմանը կամ դրա սպառնալիքին: Նրա գնահատմամբ, Հայաստանի նման խիստ ոստիկանական վերահսկողություն ունեցող երկրում բռնության գործադրումը կամ դրա սպառնալիքը կարող է տեղի ունենալ եւ անպատիժ մնալ բացառապես քաղաքական իշխանության հովանավորության պայմաններում. «Փաստաբանների պալատի ներկայացուցիչների կողմից փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերով Պալատի որեւէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ենթարկվելիս էլ հավասար պատասխանատվության են ենթարկվում նաեւ բռնության ենթարկվածները: Սա լուրջ մտահոգության առիթ է, ինձ համար սա ուղիղ ցուցիչ է ստվերային համագործակցության: Ես չեմ բացառում, որ համագործակցությունն անհրաժեշտություն է մեր մասնագիտության համար, բայց ստվերային համագործակցությունը հատուկ ծառայությունների եւ քաղաքական իշխանության հետ ուղիղ վտանգ է փաստաբանի մասնագիտության համար»:

Փաստաբանի խոսքով, Փաստաբանների պալատի ստեղծման ժամանակահատվածում իրենք լիահույս էին, որ մեկ միասնական կազմակերպությունը կարող է լուծել փաստաբանների անկախության խնդիրները եւ փաստաբանության անկախությունը պաշտպանել պետական միջամտություններից, մինչդեռ չէին մտածել՝ այս մոդելը կարող է արդյունավետ միջոց լինել միայն գործուն ժողովրդավարական երկրներում, իսկ Հայաստանի նման երկրներում այն չի կարող առանձնացված կղզի մնալ. «Ավելին, այն սկուտեղի վրա մատուցված նվեր է ցանկացած տոտալիտար իշխանության, որին բավարար է Փաստաբանների պալատի ղեկավարությանը պահի իր գրպանում, ամբողջ մասնագիտությունը հայտնվում է վտանգի մեջ: Միակ հնարավոր տարբերակը կազմակերպության մենաշնորհի վերացումն է: Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամ, որը ոտնահարում է իրենց մասնագիտության անկախությունը՝ սկուտեղի վրա մատուցելով այն օրվա քաղաքական իշխանությանը: Փաստաբանը չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որը ռեգրեսի աղբյուր է հայաստանյան հասարակությունում, ռեգրես, որը դրսեւորվում է ընդհուպ մինչեւ հոմոֆոբիկ արտահայտություններով՝ պալատի ներկայացուցիչների կողմից»:

Տպել
Ամենաշատ