News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ակոռի գյուղի բնակիչ 34-ամյա Կարինե Սուքիասյանը 8 տարվա անպտղությունից հետո փետրվարի 7-ին կեսարյան հատումով եռյակ է ունեցել: Կարինեի առաջնեկները` 3 որդիները անհաս են ծնվել եւ դեռ գտնվում են «Արմենիա» ԲԿ-ում: NEWS.am-ի հետ զրույցում Կարինեն պատմեց, որ շատ երջանիկ է, որ այդքան տարիներ հետո վերջապես կատարվեց իր երազանքը, սակայն նաեւ մտահոգ է, քանի որ սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, եւ դեռ ոչինչ չի գնել նորածինների համար:

«Ամուսինս մի քանի տարի առաջ վիրահատվեց, երակների խցանման խնդիր ուներ, հիմա չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Հիմա ինքը 3-րդ կարգի հաշմանդամ է, սկեսուրս նունյպես, իրենց թոշակով ենք ապրում: Նաեւ մի փոքր տնամերձ հողատարածք ունենք, բանջարեղեն ենք ամռանը մշակում մեր տան օգտագործման համար»,- պատմեց Կարինեն` նշելով, որ թոշակի ընդհանուր գումարը կազմում է մոտ 60 հազար դրամ:

Կարինեն պատմեց, որ մեկ ամսից ավելի իրենք գտնվում են «Արմենիա» Բկ-ի ծննդատանը եւ կմնան այնքան, մինչեւ երեխաների քաշը հասնի  1կգ 800 գրամի:

ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Կարինեն  8 տարի տառապել է չբերությամբ, բուժվել է իրենց կենտրոնում եւ քանի որ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում  դիմել է «Արագիլ» հիմնադրամին: 

«Կարինեին մենք հսկողության տակ ենք պահել հունվար ամսից եւ մինչեւ հիմա երեխաների հետ մեր կենտրոնում են գտնվում, մինչեւ նորածինների վիճակը կարգավորվի»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Կարինեին եռյակին անհրաժեշտ են տակդիրներ, կաթնախառնուրդ, խնամքի պարագաներ: Նրան օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 077125261:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ