News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Իսկ Հրայր Թովմասյանը օրեր առաջ է ընտրվել ՍԴ անդամ՝ վայր դնելով պատգամավորի լիազորությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Վերջինս Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։

ՍԴ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 20-23-ին կայանալիք ԱԺ հերթական նիստերի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա հենց առաջին օրը՝ մարտի 20-ին:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Ազգային Ժողովը կողմ էր քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

Նշենք, որ եթե ՍԴ նախագահ է ընտրվում մինչեւ ապրիլի 9-ը, ապա գործում են 2005 թվականի սահմանադրության իրավակարգավորումները, որոնց համաձայն ՍԴ նախագահը լինելու է մինչեւ 65 տարեկանը լրանալը: Նոր իրավակարգավորումներով ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է: Ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կդառնա հին կարգավորումներով եւ կպաշտոնավարի մինչեւ իր 65 տարեկանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ