News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը


Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի եւ Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Անդերս Սամուելսենի հանդիպումը։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի եւ Դանիայի միջեւ փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

Հայաստանի եւ Դանիայի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների եւ շփումների կարեւորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարեւորությունը:

Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության մի շարք հարցերի շուրջ։

Հայաստանի եւ Դանիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news