News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Ֆիրդուսի շուկայի տարածք այսօր՝ մարտի 16-ին, վաղ առավոտյան տեխնիկա է տարվել, սակայն, աշխատակիցներն ու բնակիչները թույլ չեն տվել որեւէ աշխատանք կատարել:

NEWS.am-ի հետ զրույցում շուկայում աշխատող սակավաթիվ առեւտրականներից մեկը պատմեց, որ տեխնիկան բերած մարդիկ պատճառաբանել են, թե ջրագիծ են վերանորոգում:

«Մեզ ասացին, որ քանդում են՝ ջրագիծ անցկացնեն, բայց մենք էլ զարմանում ենք, որովհետեւ քանդման, իրացման տակ է այս տարածքը, ինչո՞ւ պետք է ջրագիծ անցկացնեն, եթե քանդման որոշում կա: Կարծում ենք, որ չեն ուզում՝ մենք աշխատենք, դրա համար են քանդում ճանապարհը»,- ասաց առեւտրականներից մեկը:

Առեւտրականները հայտնեցին, որ իրենք տեխնիկան բերած մարդկանցից փաստաթուղթ են պահանջել, որ տարածքում աշխատանք իրականացնելու թույլտվություն ունեն, սակայն, այդպես էլ այդ փաստաթուղթը չեն տեսել. «Մեզ ասացին՝ դիմեք քաղաքապետարանի լրատվության վարչություն, ոչ մի բան չասացին, մենակ ասացին, որ ջուր են քաշում: Ոստիկանությունն էլ էր եկել, ասացին, որ եկել են, հանկարծ բնակչի եւ քանդողի միջեւ խնդիր չլինի»:

Տեխնիկան բերած աշխատակիցները Ֆիրդուսի շուկայի տարածքում մնացել են մինչեւ 11.00-ն, հետո հեռացել են:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ «Ֆիրդուսի» շուկայի տարածքը ճանաչվել է որպես հանրային գերակա շահ եւ առեւտրականներից շատերը տեղափոխվել են այլ վաճառակետեր: Ներկայումս տարածքում աշխատում են ընդամենը մի քանի առեւտրական:

Տպել
Ամենաշատ