News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունը՝ ի դեմս Կրթության եւ գիտության նախարարության առաջարկում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների Հոգաբարձուների խորհուրդների կազմը հաստատի վարչապետը: Այս մասին մարտի 16-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդների եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց  կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մենք 3 տարբերակ ենք առաջարկել՝ հաստատի կա՛մ վարչապետը, կա՛մ կառավարությունը, կա՛մ վատագույն դեպքում՝ ինքը նախարարը: Բայց ես կարծում եմ՝ նպատակահարմար չէ, որ այս խորհրդի կազմը հաստատի կառավարությունը, քանի որ բոլոր նախարարությունները պետք է ծանոթանան դրա անդամների հետ»,- պարզաբանեց նախարարը՝ պատասխանելով Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի առաջարկին այն մասին, որ կազմը հաստատվի Լիազորված մարմնի կողմից, որը կստեղծի կրթության եւ գիտության նախարարը:

Սակայն այս առաջարկի դեմ հանդես եկավ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ առաջարկելով ոչ մի բան չփոխել, եւ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

Կյուրեղյանի նախաձեռնությանն աջակցեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ այս առաջարկն իրենց համար միանգամայն ընդունելի է: Նա նշեց, որ վարչապետի կողմից հաստատելու դեպքում առաջանում է քաղաքական որոշակի ենթատեքստ, ինչն անցանկալի է: «Մենք գիտենք, որ ապագա վարչապետի դերը օրենսդրության միջոցով ուժեղացվում է բոլոր ոլորտներում, իսկ դա ցանկացած դեպքում տարբեր կարգի պնդումների տեղիք է տալիս: Եվ սա այդ պնդման հերթական հաստատումն է, ինձ համար յուրատեսակ առիթ ամեն ինչին անստահությամբ վերաբերվելու համար»,- պարզաբանեց Միրզոյանը: Ըստ որում՝ նա նշեց, որ եթե այս հարցը գործադիրի համար այնքան էլ սկզբունքային չէ եւ մեծ մասամբ զուտ տեխնիկական բնույթ է կրում, ապա թող պաշտպանի ՀՅԴ խմբակցության պատգամավորի առաջարկը:

Սակայն հանձնաժողովն աջակցեց կառավարության դիրքորոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ