News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2018 թ. համայնքներում ներքին ճանապարհների, լուսավորության եւ աղբահանության խնդիրները պետք է կարգավորվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է  մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով  նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:

Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին  աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել, բյուջեների կատարողականը հասցնելով 106,5 %-ի: 2018-ին համայնքների  կողմից  նախատեսվում է ավելացնել սեփական  եկամուտները 538,3 մլն դրամով (կամ 24,1 տոկոսով): 

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը:

 Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ եւ վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան եւ Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն եւ ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝  հաշվի առնելով նաեւ այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն: 

Ջրամատակարարման ուղղությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պատվիրատվությամբ մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում 2017-ին իրականացվել է մոտ 300 միլիոն դրամի աշխատանքներ, դրանցից ամենախոշորը Գառնի–Արտաշատ–Երասխ 1800 գ/մ երկարությամբ նոր ջրագծի կառուցումն է 200 միլիոն դրամ, որի շինմոնտաժային աշխատանքները ավարտվել են,   ընթանում են փորձարկման աշխատանքները:

Մարզպետը զեկուցել է, որ մարզում  գույքագրված  աղբավայրերի  թիվը կազմում  է  260, որոնցից վերացվել  են  217-ը: Աղբավայրերի  թիվը նախատեսվում է թողնել 3-4 հատ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կցանկապատվեն եւ կբարեկարգվեն:             2018-ին առանձնահատուկ ուշադրություն  է դարձվելու  աղբահանության  ոլորտում  նախատեսված   աշխատանքներին: Մարզպետարանի պատասխանատուները զեկուցել են, որ մարզում աղբահանության տարեկան բյուջեն կազմում է 345 մլն դրամ եւ ընթացիկ տարում կապահովվի ինքնածախսածածկում: Արդեն իսկ պայմանագրեր են կնքվել 2600-ի իրավաբանական անձանց հետ. Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրեր կնքել նաեւ մնացած 400 իրավաբանական անձանց հետ:

Կարեն Կարապետյանը նաեւ հանձնարարել է վերանայել աղբահանության սակագները: «Մենք աղբահանության համար ինչ ֆինանսավորում ենք՝ շարունակելու ենք, բայց ինքնածախսածածկման պարագայում առաջարկելու ենք, որ այդ միջոցներով ավելի օգտակար ծրագրեր իրականացնեք», - ընդգծել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ