News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակում եւ նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ «մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը»:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերի 11-12-ին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, մեր երկիրը նաեւ երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանում: «Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է»,- հավելել է նախարարը:

ԱԳ նախարարը ելույթում, նաեւ նշել է. «Գագաթնաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

«Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Ակնկալում ենք նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը:

Գագաթնաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթնաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:

Ցանկանալով Երեւանի գագաթաժողովին հաղորդել հարուստ եւ բազմաշերտ բովանդակություն՝ Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության եւ համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարեւորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգը:

Նախատեսում ենք նաեւ ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»: Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը»,- մասնավորապես նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ