ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության Նախագահն անկեղծ եւ խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի եւ զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում մարտի 25-ին հրդեհը է տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝  զոհվել է 53 մարդ:

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի փոխանցմամբ, քրեական գործի շրջանակում ձերբակալվել եւ հարցաքննվել է 4 մարդ, այդ թվում՝ շենքի վարձակալը, որում, ենթադրաբար, գտնվում է բռնկման էպիկենտրոնը. «Ձերբակալվել է կառավարիչ ընկերության ղեկավարը, որը սպասարկում է այս առեւտրի կենտրոնը»:

 «Զիմնյայա վիշնյա» առեւտրի-զվարճության կենտրոնում հրդեհի ժամանակ բոլոր զոհվածների հուղարկավորությունը կկատարվի մարզային բյուջեի հաշվին: Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ:

Կադրեր Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհից

Կեմերովոյոմ տեղի ունեցած հրդեհի հնարավոր պատճառ է համարվում էլեկտրացանցի թերությունը

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մինչեւ 53-ի