News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ մարտի 29-ին, ի պաշտպանություն Արցախում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Ասյա Խաչատրյանի, բողոքի երթ իրականացվեց: Մի խումբ քաղաքացիներ Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցով երթով շարժվեցին դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք, որտեղ կապույտ գույնի փուչիկներ կապեցին շենքի դարպասներին եւ «Կապույտի մեջ թեմա կա՞», «Ես էլ եմ կապույտ, ինձ էլ ծեծեք» գրությամբ պաստառներ դրեցին շենքի մոտ: Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին նաեւ «Իսկ դու ինչ ես ծխել Արցախի համար», «Ես չեմ ծխում, բայց սա իմ խնդիրն էլ է», «Կոյուղաջուր goes to Ղարաբաղի ոստիկանություն», «Իմ իրավունքն անգին է», «Իմ մարմինը ոստիկանատեր չունի» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել փետրվարի սկզբին Ստեփանակերտում Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ նրա հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով:

Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են  ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ  միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։

Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով: Այս առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս հարցը ես անպայման կբարձրացնեմ ԱԺ առաջիկա նիստում եւ կպահանջեմ, որ ԱԺ-ին պարզաբանումներ տա Արցախի ոստիկանապետը: Այն, որ Արցախի Ոստիկանություն եւ օրենք հասկացությունները օր օրի իրարից հեռանում են՝ փաստ է: Բայց փորձենք հասկանալ, ո՞րն է այս ամենաթողության հիմքը, այս ի՞նչ սեր է հայտնվել ոստիկանության մոտ մարդկանց մազերի ձեւի, գույնի նկատմամբ»:

Տպել
Ամենաշատ