Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կապված այն փաստի հետ, որ ԵՄ մի շարք երկրների կողմից վիզաներ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն թուրքական կազմակերպությանը՝ «ՎիզաՄետրիկ»-ին:

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը»,-գրել է նա Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից, որը թուրքական կազմակերպություն է:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր նշել էր, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը միայն զբաղվելու է վիզաների դիմումների ընդունմամբ, իսկ դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետ կայացվելու են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցների կողմից։

Գերմանիայի դեսպանատունը Շենգեն վիզայի համար դիմումների հանձնումը փոխանցում է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը