Մինչ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը վստահեցնում  է, որ  մարտի 31–ից սկսած իրենց քայլերթը կավարտվի քաղաքացու հաղթանակով, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ այն որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ՀՀԿ–ի վարչապետ ընտրելու սահմանադրական իրավունքի վրա։ NEWS.am–ի հետ զրույցում Շարմազանովը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանի պայքարի օրակարգը կեղծ է, այդ պայքարը ավարտվել է մեկ տարի առաջ՝ ապրիլի 2–ին։ 

«Նիկոլ Փաշինյանի քայլերթը Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության քաղաքական որոշման եւ դրա իրականացման  վրա զրո ազդեցություն է  ունենալու։ Բողոքի ակցիաները նրանց իրավունքն է։ Ես ասել եմ՝ Փաշինյանին խորհրդարանում, որ վարչապետի ընտրության իրավունքը որպես համապետական ընտրության երկրորդ ռաունդն է, եւ դրա դեմ նրանց պայքարը արհեստական օրակարգ է։ Մեր որոշումը կախված  չէ որեւէ մեկի շարժումից»,–ասել է Շարմազանովը։

Շարմազանովին չի մտահոգում այն հանգամանքը, որ Գյումրիից Երեւան ոտքով ճանապարհ ընկած Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցները մարզերում ջերմությամբ են ընդունում։ Հիշեցրեց, որ ավելի քան 120  հազար քաղաքացի ընտրել է «Ելք» դաշինքին եւ դա նորմալ է։

«Ով ասեց, որ Նիկոլ Փաշինյանը իզգոյ է, նա կուսակցության ղեկավար է, թիմի ղեկավար, որը  ավելի քան 120 հազար ձայն է ստացել։ Իրենք կարող են ունենալ նաեւ իրենց  համախոհները»։