Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, որ իր ու փաստաբան Կարեն Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործը սարքված է:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը պատմեց, որ 1,5 տարի առաջ իրենց վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ գումարը վճարել է վերջինիս «միլպետ» բարեկամը:

«Ես ու Կիրակոսյանն ուրբաթ օրը ժամը 23,00-ին վճարել ենք գումարը, մեկ ժամ անց մենք խնդրել ենք, որ նրան ազատեն: 1.5 ամիս անց դատարանը գրավը վերացրել է եւ կրկին կալանավորել մեր վստահորդին: Փողը ես էի մուծել, դրա համար դատարանն ինձ է ուղարկել գումարը: Այնուհետեւ գալիս է կինը, փողն ուզում, ես էլ ասում եմ, որ գումարը տվել է ձեր միլպետ բարեկամներից մեկը, բացի դրանից, ձեր ընտանիքը մեր փաստաբանական գրասենյակին 1 մլն դրամից ավելի գումար է պարտք: Հարցնում եմ, թե ով է այդ գումարը տալու, կինն էլ ասում է, թե կլինի՞ վերադարձնեք այդ երկու միլիոնը, հետո մեզ դատի տաք: Կնոջը պատասխանեցի՝ էշի նմա՞ն ենք, փող եք պարտք, տվեք: Իրենք էլ որոշեցին գնալ ու էդ գործը սարքել, միլիցեքից ես ուրիշ բան չէի էլ սպասում: Շանտաժ են ուզում անել, փող ստանալ Սիրունյանից»,- պատմեց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը նշեց, որ սա քաղաքացիական գործ է, ինչը եւ Քննչական կոմիտեում, եւ ոստիկանությունում շատ լավ հասկանում են. «Միլպետի անունը ես չեմ տալիս, բայց Գասպարյանին ասելու եմ՝ պարոն գեներալ-գնդապետ, ինձ փողը տվել ա էս ինչ միլպետը էս ինչ հանգամանքներում»:

Սիրունյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործը հարուցվել է մի քանի ամիս առաջ, իսկ ինքն ու Կիրակոսյանը գործով որպես մեղադրյալ են անցնում. «Մեր երեխեքի փողը ոչ մեկին չենք տալու, էնքան որ միլիցան ա էդպես ուզում»:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):