Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից եւ անվտանգ վայր է տեղափոխվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BBC-ին եւ Անգլիայի առողջապահության ազգային ծառայության հայտարարությանը:
Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը հաստատել է նրա դուրս գրումը:
«Երկու հիվանդների վրա էլ շատ լավ է անդրադարձել մեր տրամադրած բուժումը: Յուլիան դուրս է գրվել Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից: Սակայն սրանով նրա բուժումը չի ավարտվում», - ասել է նա, նշելով, որ ՌԴ քաղաքացին ցանկացել է զերծ մնալ մամուլի հետ շփումից:

Բժիշկը հավելել է, որ Յուլիայի հոր՝ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը, նույնպես բարելավում է:
«Թեեւ նա դանդաղ է ապաքինվում, քան Յուլիան, մենք հույս ունենք, որ նա նույնպես ժամանակի ընթացքում կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից», - շեշտել է նա:
Բժիշկը չի ներկայացրել Սկրիպալների բուժման մանրամասները՝ նշելով միայն, որ նրանք հատուկ մեթոդներ են օգտագործել օրգանիզմից թույները դուրս բերելու համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը «հրաշալի» է անվանել Յուլիա Սկրիպալի դուրս գրման մասին լուրը: Այս մասին նա գրել է Twitter-ում, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Հրաշալի է, որ Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից, նրան մաղթում եմ լիարժեք եւ արագ ապաքինում», - գրել է նա: Ջոնսոնը նաեւ շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ մաղթել ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին արագ առողջանալ:
Wonderful that Yulia Skripal is out of hospital and here’s to her full and speedy recovery. Thanks again to the incredible NHS staff in Salisbury. I wish Sergei Skripal all the best and hope he recuperates quickly too
— Boris Johnson (@BorisJohnson) 10 апреля 2018 г.
Մարտի 4-ին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան հոսպիտալացվել էին: Ոստիկանությունը պարզել էր, որ նրանց թունավորել են: Բգրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ նրանց դեմ նյարդակաթվածային «Նովիչոկ» թույն է կիրրառվել եւ դրանում ՌԴ-ին էր մեղադրել: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:
Յուլիա Սկրիպալը գիտակցության էր եկել մարտի վերջին: Նրա հայրը ծայրահեղ վիճակից դուրս էր եկել ապրիլի 6-ին:











