News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարության առաջին դռնփակ նիստում բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ, քննարկել ենք 73 հարց, օրակարգը ծանրաբեռնված էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:

Հարցին, թե ավելի անկաշկա՞նդ էին արդյոք, եղա՞ն բանավեճեր, նախարարը պատասխանեց. «Խնդիրն այն չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել: Մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվել, բաց ու թափանցիկ ենք, այդ հարցում խնդիր չկա: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր, ոչ միայն այն պատճառով, որ առաջին փակ նիստն էր, այլ այն պատճառով, որ բավականաչափ լայն օրակարգ ունեինք: Եթե այս օրակարգը ձեւավորված լիներ նախորդ նիստում, նույնը կլիներ: Իմ ներկայությունն այստեղ խոսում է այն մասին, որ մենք բաց ենք եւ թափանցիկ»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն էր իմաստը նիստերը դռնփակ դարձնելու, եթե ոչինչ չի փոխվել, նախարարն արձագանքեց. «Այն նիստերը, որ որոշեցինք, որ լինեն փակ, ունեն իրենց տրամաբանությունը եւ պատճառները: Ընդամենը մեկ նիստով տալ գնահատական կամ փորձել որակել, ես մի քիչ համաձայն չեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որպես կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հիմնավորում, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ դռնփակ նիստի դեպքում նախարարներն ավելի անկաշկանդ կարող են քննարկում ծավալել. «Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ: Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջեւ», - ասել էր նա:

Ապրիլից կառավարության նիստերը լինելու են դռնփակ եւ տեւելու են մեկ ժամ. Դավիթ Հարությունյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ