Եթե ուզում են բերման ենթարկել, վազում ենք մյուս խաչմերուկ, որ հնարավորություն չունենան գործողություն իրականացնեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Աբովյան փողոցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ոչ թե պետք է գնանք քաղմասների դռները կանգնենք, այլ մեր գործողություններն իրականացնենք»,-ասաց նա:

Դրանից քիչ անց, երբ ոստիկանները մոտեցան ցուցարարների փոքրի խմբին, նրանք սկսեցին վազել փողոցով: Ցուցարարները փակում են փողոցները, մի փոքր նստում, իսկ երբ ոստիկանները մոտենում են, նրանք վեր են կենում ու վազում:

«Մտեք պետական շենքեր, արեք նստացույցեր, տոտալ փակեք բոլոր փողոցները: Փակեք գերատեսչությունների, նախարարությունների մուտքերը, թույլ մի տվեք գնան աշխատանքի: Մտեք շենքեր, հայտարարեք նստացույց, բայց ոչինչ մի վնասեք: Նախարարություններ, թաղապետարաններ, քաղաքապետարաններ, պետական բոլոր ինստիտուտները: Կոչ եմ անում շրջափակել տրանսպորտի աշխատանքը:

Շրջափակել նաեւ դեսպանատների շենքերը, արգելափակել մետրոյի գործունեությունը: Բոլոր կողմերից փակել դեպի ԱԺ շենք տանող փողոցները: Սա ցանցային գործունեությունը է, մենք տալիս ենք գաղափարը, մարդիկ իրենց նախաձեռնությամբ են անում»,-հայտարարեց Փաշինյանը:

Այս պահին ցուցարարների խմբերը գտնվում են Աբովյան, Կորյուն, Տերյան փողոցներում:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումց ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել 46 մարդ:

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: