Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարվածություն է առաջացել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները վահաններով շղթա կազմեցին շենքի մոտ, ապա սկսեցին քայլ առ քայլ առաջանալ ու ազատել տարածքը: Մինչ այդ ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարներին:
Մասնավորապես, ոստիկանները առաջին շարքում նստած ցուցարարներին քաշքշելով ոստիկանական մեքենա նստեցրին, մի մասին էլ դուրս բերեցին այդ հատվածից: Ցուցարարները վանկարկում են. «Միացեք», «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Ոստիկանական «ԳԱԶԵԼ»-ի տակ մի երիտասարդ էր մտել, որպեսզի մեքենան չկարողանա տեղից շարժվել: Ոստիկանները մեծ դժվարությամբ դուրս բերեցին նրան:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաև կառավարության եւ այլ կառավարական շենքեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:
- Կառավարության մասնաշենքի մոտ իրավիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին
- Իրավիճակը Հանրապետության հրապարակում. Ոստիկանները շղթա կազմեցին (վիդեո)