Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության եւ բոլոր պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանում կայացած հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունների հետ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում. «Ես հաստատում եմ, որ պատրաստ ենք բանակցությունների, շահարգրռված ենք օր առաջ ավարտել այս խնդիրը: Եթե խնդիրներ կան ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ: Այսինքն պատրաստ ենք հանդիպել նրանց մի սենյակում եւ քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր պատգամավորների հետ, միաժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել նաեւ մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին, ոչ թե գաղտնի կերպով այդ մասին մեսիջներ հղել իրենց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, Իջեւանից հետո հանրահավաք է կայանալու նաեւ Վանաձորի Հայքի հրապարակում։

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։