Այսօր ՀՀԿ-ի խմբակցության հետ հանդիպում կունենանք եւ պարզ կլինի, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:
«Այդ հարցը ոչ որոշված է, ոչ էլ պետք է համոզեմ ՀՀԿ-ականներին: Կա քաղաքական իրավիճակ, եւ խնդիրն այն մասին չէ, որ որեւէ մեկին ընտրել վարչապետ, թե ոչ: Խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելու մասին է: Այդ հարցի պատասխանը կտան ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Իրենք արձանագրել են, որ եթե մյուս խմբակցությունները պաշտպանում են իմ թեկնածությունը, իրենք չեն խոչընդոտի»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, չի՞ տապալի ընտրական օրենգրքի փոփոխությունները, մասնավորապես «ռեյտինգային» կոչվող ընտրակարգը հանելու տեսանկյունից, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Դա եւս քաղաքական իրավիճակի եւ համաձայնությունների խնդիր է: Մենք իհարկե, փորձելու ենք աշխատանքային մթնոլորտ ձեւավորել, որ կարողանանք բոլոր հարցերը հանդարտ քննարկել: Հարցերը պետք է հերթով քննարկենք: Վարչապետի ընտրության հարցը քննարկելուց հետո կքննարկենք նաեւ մյուս բոլոր հարցերը: Ընդհանուր սկզբունքն այն է, որ պետք է փորձենք շատ տեսակետներ հաշվի առնելով, բոլոր հարցերը, այդ թվում արտահերթ ընտրությունների հարցը լուծենք»:
Փաշինյանը հստակ չնշեց, թե ի՞նչ հիմքով է են տեղի ունենալու ԱԺ արտահերթ ընտրությունները եւ ինչ ժամկետներում. «Հնարավորինս կարճ, բայց տրամաբանական ժամկետներում կլինեն: Ես չեմ կարող ժամկետներ նշել, որովհետեւ դեռ քննարկումներ պետք է ունենանք այլ ուժերի հետ, նրանց պատկերացումները նայենք, որպեսզի իրապես մաքսիմալ հավասար հնարավորություններ ստեղծենք»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: