News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը չկարողացավ վարչապետ ընտրել. այդ հարցով հրավիրված հատուկ նիստում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ քվեարկելու հնարավորություն չկար:

Նշենք, որ քվեարկությանը նախորդեցին երկարատեւ քննարկումներն ու ելույթները, մեծ մասը՝ էմոցիոնալ: Հետո արդեն խմբակցությունները հայտարարեցին իրենց վերջնական որոշումների մասին: Հանրապետական խմբակցությունը որոշում էր կայացրել դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, սակայն օրեր շարունակ հայտարարված միասնականությունն ապահովել այնքան էլ չհաջողվեց. ՀՀԿ-ից Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց Փաշինյանին, իսկ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Ավալյանը, չէր ներկայացել նիստին: Ավելի ուշ ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից պատգամավոր ընտրված Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նշենք, որ նա շարժմանը միանալու մասին հայտարարած «Գրանդ Հոլդինգի» երկարամյա ֆինանսական տնօրենն էր: Ավալյանին, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում կփոխարինի Տավուշի մարզում առաջադրված հանրապետական մյուս թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկելու մասին, այս անգամ՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին «Ծառուկյան» եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները: Բայց այս դեպքում էլ անակնկալներ եղան: Դաշնակցական Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի կարող կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը: Դաշնակցության համար սա, պարզվում է, անակնկալ էր: Կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինն արդեն Աղվան Վարդանյանից պահանջել է վաղաժամ վայր դնել մանդատը:

«Ծառուկյան» դաշինքում նման անակնկալներ չեղան, սակայն խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը ներկա չէին նիստին:

Ազգային ժողովը վարչապետի նոր ընտրություն կանցկացնի 7 օր անց՝ մայիսի 8-ին: Այս անգամ, սակայն, վարչապետի թեկնածուները պետք է առաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Իսկ Նիկոլ Փաշինյանի քվեարկությունից հետո շտապել է Հանրապետության հրապարակ, որը վաղ առավոտից բազմամարդ էր:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է առաջնագծում հակառակորդի զինտեխնիկայի եւ կենդանի ուժի հերթական կուտակումների ու տեղաշարժերի մասին: Պաշտպանության բանակը նաեւ շփման գծում տիրող իրադրությունը ներկայացնող տեսանյութ է հրապարակել: Գերատեսչության տեղեկացմամբ՝ ապրիլի 30-ից սկսված տեղաշարժերը շարունակվել են նաեւ այսօր: Հանգստյան օրերին, սակայն, արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել:

Ազգային անվտանգության ծառայությունը խոշոր չափերով թմրանյութերի մաքսանենգության դեպք է բացահայտել. գործով 3 ձերբակալված կա: ԱԱԾ-ի տվյալներով՝ Իրանի քաղաքացիները՝ ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել Իրանի մեկ այլ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ եւ Իրանում ապօրինի ճանապարհով խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին եւ հերոին են ձեռք բերել: Նրանք փորձել են թմրամիջոցները Հայաստան ներմուծել ապրիլի 29-ին Թեհրան-Երեւան չվերթով: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել պատվիրատուի հետ հանդիպման գնալու ճանապարհին: Քրեական գործ է հարուցվել: Երեք կասկածյալներն էլ ձերբակալվել են:

Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. 3 զոհ եւ 4 վիրավոր կա: Կեսգիշերն անց Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են BMW եւ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաները, ինչի հետեւանքով վերջինը կողաշրջվել է: «ՎԱԶ-2106»-ից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը: «ՎԱԶ-2106»-ի մյուս ուղեւորները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը, ինչպես նաեւ BMW-ի վարորդը՝ 45-ամյա Ալեքսան Վարդանյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Մայիսի 2-ին եւ 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ