News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ստացված բողոքների ուսումնասիրության արդյունքում եզրակացության կարվի եւ որոշում կկայացվի: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը, որը քաղաքապետի հանձնարարականով այցելել էր Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ դասերը վերականգնելու համար:

Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ քննարկում, հավաքված ուսուցիչներն ու աշակերտները ներկայացրեցին իրենց բողոքները:

Անահիտ  Մելքոնյանը նշեց, որ նախկինում էլ են եղել բողոքներ տնօրենի դեմ, հանձնախումբ է կազմվել, որի կազմում եղել է նաեւ Անահիտ  Բախշյանը:

«Հանձնախումբը ուսումնասիրություններ է կատարել, ոչինչ չի արձանագրվել, ոչ մեկ բանավոր չի բողոքել: Ինչպես ասում էր տիկին Բախշյանը՝ փաստաթղթերն անթերի են եղել: Հիմա եկել ենք անանուն բողոքի հետքերով եւ արդյունքում նման երեւույթների ականատես եղել:  Ուղղակի սիրտս ցավում է, որ երեխաներին մասնակից են դարձնում այս ամենին: Կուզեի բոլոր մեծերին կոչ անել երեխաներին մասնակից չդարձնել նման գործերի, նրանք թող իրենց կրթությամբ զբաղվեն »,-ասաց Մելքոնյանը:

Դպրոցի նախկին ուսուցիչներից մեկն էլ պատմեց, որ տնօրեն Ազիզյանը շատ անհարգալից է վարվել ուսուցիչների հետ, նրանց անվանել է «հավեր». «Կանչում էր աշխատասենյակ, մեզ նսեմացնում էր, ասում էր դուրս գնա, հիմա ես եմ եկել, որ ասեմ` դուրս գնա: Նրան պետք է շպրտել  դպրոցից, հիմա ամեն ինչ հարամ է լինում իր գլխին: Ասում էր` ուր ա էն հավը, չի կարելի չէ: Ինձ հետ շատ բողոքողներ կլինեն, բայց հիմա բոլորը զբաղված են»:

Նշենք, որ երեկ դպրոցի բակում հավաքվել էին դպրոցի աշակերտնեը եւ ծնողները, նրանք պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Նրանց խոսքով տնօրենը շարժման օրերին աշակերտներին չի թույլատրել մասնակցել բողոքի ակցիաներին, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, որը երեխաների համար բացել էր դուռը, ցանկացել է աշխատանքից ազատել:

Երեկվա ակցիային մասնակցող «Իրազեկ քաղաքացի» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց,որ մի քանի ժամվա ընթացքում կոռուպցիոն սխեմա բացահայտվեց տնօրենի հետ կապված եւ իրենք նյութեր  են հավաքելու, որպեսզի ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշենք, որ երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ դիմում են ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` տնօրենի հետ աշխատանքային պայամնագիրը լուծարելու պահանջով:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում դասադուլը շարունակվում է

Տպել
Ամենաշատ