Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող եւ շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց:
NEWS.am-ի թղթակիցը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ Ղուկասյանի պաշտպանները միջնորդել էին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:











